Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեան այսօր Մոսկուայի մէջ յայտարարած է, որ Ատրպէյճան հող կը նախապատրաստէ Լաչինի միջանցքը փակելու համար։
Ինչպէս յայտնած է ԹԱՍՍ-ը, այսօր ելոյթ ունենալով Մոսկուայի մէջ ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, Ալեն Սիմոնեան ըսած է.
«Այսօր մեր առջեւ խնդիր է դրուած պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը։ Ատրպէյճանը սկսել է յայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլեւս գոյութիւն չունի, ինչպէս նաեւ չկայ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչութիւն հասկացութիւնը։ Վերջերս Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը ռուս խաղաղապահներից պահանջել է չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անուանումը եւ հայկական տեղանունները։
Մենք տեսնում ենք Ատրպէյճանի մտադրութիւնները՝ փակելու Լաչինի միջանցքը, որը հումանիտար նշանակութիւն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար։ Իսկ վերջին օրերին յաճախակի են դարձել ատրպէյճանցիների սադրանքները Լեռնային Ղարաբաղի հիւսիսում գտնուող միջանցքի տարածքում։ Ամփոփելով վերոնշեալը՝ առկայ է էթնիկ զտումների եւ ցեղասպանութեան սպառնալիք: Ատրպէյճանը բոյկոտում եւ հերքում է միջազգային գործընկերների ջանքերը, մեղադրանքներ են հնչեցւում ռուս խաղաղապահների հասցէին, որոնց մանթատը Ատրպէյճանի կողմից մինչ այժմ դեռ չի հաստատուել»։