Օրերս իր լրումին հասաւ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան երէց միաբաններէն Տ. Սեպուհ արք. Սարգիսեան քահանայական ձեռնադրութեան 53-րդ տարեդարձը։
Այս առթիւ կը շնորհաւորենք մեր սիրելի Սրբազան հօր եւ օրհաբեր ու արդիւնաւէտ ամեակներ կը մաղթենք անոր։
Ստորեւ մեր ընթերցողներուն կը ներկայացնենք, Տ. Սեպուհ Սրբազանի այս առթիւ կատարած գրառումը։
2021 յունիս 16
1968 յունիս 16։
53 տարիներ առաջ այս օրը Սուրբ խորանի վրայ, Անթիլիասի մայր տաճարում ծնկի եկած, իմ օծակից դասընկերներիս հետ ուխտեցի ծառայել իմ ազգին, եկեղեցուն եւ հայրենիքին։
53-տարիների հեռաւորութիւնից երբ դիտում եմ ինքս ինձ Աստծու փառք եմ տալիս, որ ինձ այդ շնորհը եւ պատիւը տւաւ ծառայելու իմ ժողովրդին։ Պասրաում, Հալեպում, Լիբանանում, Դամասկոսում, Քովէյթում եւ ծոցի երկրներում եւ Թեհրանում։
Կենդանի է իմ յիշողութեան մէջ այս վայրերում իմ ժողովրդին բարի յիշատակը եւ այն յարաբերական ու ծառայական կեանքը, որ ունեցայ այս շրջաններում։
Աստւած հոգին լուսաւորէ մեզ ձեռնադրող Սրբազանին եւ մեր ծնողներին, որոնք այդ օրերուն վստահաբար ուրախութեան անխառն զգացողութիւններով դիտում էին իրենց զաւակներին ձեռնադրութիւնը։
Փառք եւ գոհութիւն Աստծոյ, որ իմ տկար անձը արժանացրեց ծառայութեամբ իմ սէրը արտայայտելու իմ ժողովրդի ու եկեղեցուս նկատմամբ։
Աղաչում եմ Տէր, օրհնի՛ր մեղաւորիս եւ իմ ժողովրդին, որին այժմ ծառայում եմ եւ օրհնիր մեր Հայաստան աշխարհն ու Արցախը, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որու պետականութեան հովանաւորութեամբ գործում ենք խաղաղութեամբ եւ մեծ սիրով։