image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Բելգիա-հայաստան բարեկամական խմբի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Բելգիա-հայաստան բարեկամական խմբի անդամներին

Սեպտեմբերի 23-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բելգիայի Թագաւորութեան խորհրդարանի Բելգիա-հայաստան բարեկամական խմբի ղեկավար պարոն Մարկ Դէմեսմէկերի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ  Հայաստան-բելգիայ բարեկամական խմբի ղեկավար Արմէն Ռուստամեանի:

Ողջունելով խորհրդարանական պատուիրակութեանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտութիւնը յայտնեց Բելգիայի թագաւորութեանը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման, ինչպէս նաեւ այս դժուարին օրերին Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զօրակցութեան համար:

Անդրադառնալով 44-օրեայ պատերազմին եւ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւններին՝ Նորին Սրբութիւնը նշեց, որ այդ ամէնի արդիւնքում հայ ժողովուրդն ունի տարածքային ու մարդկային կորուստնէր, տեղահանուած բնակչութիւն եւ մինչ օրս Ադրբեջանում պահուող գերիներ: Վեհափառ Հայրապետը մտահոգութեամբ անդրադարձաւ նաեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ իւրացման փաստերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկութիւններ փոխանցեց Մայր Աթոռի` Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի կողմից սրբավայրերի պահպանութեան ուղղութեամբ տարուող աշխատանքների վերաբերեալ: 

Հայոց Հովուապետը  կարեւորեց  միջազգային հանրութեան եւ բարեկամ երկրների յստակ դիրքորոշումը, որի արդիւնքում հնարաւոր կը լինի զսպել ադրբեջանական շարունակուող ագրեսիան եւ ծաւալապաշտական քաղաքականութիւնը: 

Իր հերթին պարոն Մարկ Դէմեսմէկերը նկատեց, որ Հայաստանն ու Բելգիան, լինելով քրիստոնեայ երկրներ, ունեն նոյն արժեհամակարգը, ինչն էլ աւելի է ամրապնդում երկու երկրների բարեկամութիւնը: Պարոն Դէմեսմէկերն իր մտահոգութիւններն արտայայտեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերեալ` հաստատելով, որ Բելգիան նոյնպէս միջոցնէր է ձեռնարկում  խաղաղութեան եւ կայունութեան հաստատման համար:

Հանդիպմանն անդրադարձ կատարուեց նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Քոյր Եկեղեցիների փոխգործակցութեանը` ուղղուած խաղաղութեան հաստատմանը եւ հումանիտար ծրագրերին: