Փետրուարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Պորտուգալիայի Հանրապետութեան նորանշանակ դեսպան Մադալենայ Ֆիշերին:
Հայոց Հայրապետը, շնորհաւորելով դեսպանին նշանակման կապակցութեամբ, մաղթեց վերջինիս արդիւնաւէտ առաքելութիւն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առաւել զօրացման:
Անդրադառնալով տարածաշրջանում առկայ իրավիճակին եւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը` Նորին Սրբութիւնն իր մտահոգութիւնը յայտնեց արցախահայութեան անվտանգ ու խաղաղ ապրելու իրաւունքի դէմ ոտնձգութիւնների եւ դրանց հետեւանքով ստեղծուած հումանիտար աղէտի առնչութեամբ: Հայոց Հայրապետը կարեւոր նկատեց միջազգային հանրութեան ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման եւ արցախեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման հարցում: Վեհափառ Հայրապետը ¬յոյս յայտնեց, որ Պորտուգալիայի իշխանութիւնները եւս ակտիւ ներգրաւուածութիւն կ'ունենան տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործում:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր եւ պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրներին:
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ փաստեց, որ Պորտուգալիայում գործող «գալուստ Գիւլբենկեանէ հիմնադրամը կարեւոր աւանդ է ունեցել հայ ժողովրդի կեանքում, որի աջակցութեամբ 1954 թուականին նաեւ իրականացուել է Մայր Տաճարի հիմնանորոգումը:
Իր հերթին դեսպան Մադալենայ Ֆիշերը եւս ընդգծեց Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտութիւնը: Դեսպանը նաեւ կարեւորեց կրթութեան ոլորտում Հայաստանի եւ Պորտուգալիայի համագործակցութեան խորացումն ու ընդլայնումը: