Թեպետ Վաշինգտոնի ազգային տաճարը պատկանում է Վաշինգտոնի Անգլիկան եկեղեցուն, բայց այն աղոթատեղի է բոլորի համար։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ համազգային աղոթատան հիմնարկեքը, որի գաղափարը պատկանում է ԱՄՆ հիմնադիր հայրերին, տեղի է ունեցել 1907թ․ սեպտեմբերի 29-ին։ Տաճարը Մոնթ Սենթ Oլբենի գագաթից վեհաշուք հայացքով հետևում է մայրաքաղաքին։ Այս հսկա գոթական համալիրի վերջին քարը դրվեց 1990թ․։ Տաճարն աչքի է ընկնում իր բարձրարվեստ վիտրաժներով, տարբեր պատմաճարտարապետական ոճերի աղոթարաններով, վեհաշուք քանդակներով, բրոնզե դարպասներով, դրվագված ջրհորդաններով։ Այստեղ են ամփոփված մի շարք հայտնի ամերիկացիների աճյուններ։




«Մարդկության արարումը» (քանդակագործ Ֆրեդերիկ Հարդ (1943-1999) բարձրաքանդակը տեղադրված է Վաշինգտոնի տաճարի արևմտյան մուտքի վերևում: Աշխատանքներն ավարտվել են 1982թ. փետրվարի 10-ին: Բարձրաքանդակի պատճենված նմուշն իբրև պաննո օգտագործվել է «Սատանայի փաստաբանը» (1997) ֆիլմում, որի համար քանդակագործը դատ է բացել «Warner Brothers» կինոստուդիայի դեմ և շահել այն:

Տաճարի այս վիտրաժը (ապակենկարը) Լուսնաքարի պատուհանն է: Այն նշանավոր է նրանով, որ նրանում պարփակված է 7.18 գրամ կշռով լուսնաքար, որը 1969 թ. հուլիսի 21-ի Լուսնի վրա իրենց նշանավոր վայրեջքից հետո երկիր են բերել Նիլ Արմսթրոնգը և Բազ Օլդինը:
Տեղեկությունները՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատության