Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների լրատվամիջոցները պետությունից աջակցություն են պահանջում: Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber1.net կայքը, 1915թ.-ից ի վեր գնալով քանակապես նվազող և Լոզանի պայմանագրից հետո Թուրքիայում որպես փոքրամասնություն որակված այլադավան համայնքների ստեղծած այլալեզու մամուլն այսօր սոցիալական և տնտեսական մի շարք խնդիրների առաջ է կանգնած:
Հայկական «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբերտ Հատեջյանն այսպես է նկարագրում իրավիճակը. «70-ականներին Մամուլի հայտարարությունների պետական ընկերությունը մեզ պաշտոնական հայտարարություններ էր ուղարկում: Մենք հայերեն տպագրվող թերթ ենք, բայց հայտարարությունները թուրքերեն էին գալիս: Ընթերցողներին դա տարօրինակ էր թվում: Բայց ստիպված էինք: Իհարկե, գոհ էինք: Հետո եկավ այնպիսի մի ժամանակ, երբ ասացին՝ ձեր թերթերին հայտարարություն չունենք տալու: 80-ականներին ամբողջովին կտրվեց: 2011-ից նորից վերականգնեցին»:
Ռոբերտ Հատեջյանը նաև ավելացնում է, որ համայնքի կեսից ավելին ֆինանսական խնդիրների պատճառով ի զորու չէ երեխաներին հայկական դպրոց ուղակել, Թուրքիայում երիտասարդները հայերեն չեն սովորում, տանը թուրքերեն է օգտագործվում, և հայկական թերթերն այլևս շատ ավելի քիչ են ընթերցվում:
Թուրքայում ֆինանսական խնդիրների մասին բարձրաձայնում են նաև հունական, ասորական և հրեական համայնքների թերթերի խմբագիրները:
Պատրաստեց՝ «Արևելքը»