ԵԱՀԿ Մինսկի խումբի եռանախագահները Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարներուն առաջարկած են հանդիպում ունենալ՝ Միւնիխի ապահովութեան համաժողովի նախաշեմին:
31 յունուարին լրագրողներու հետ կայացած մամլոյ ասուլիսին ընթացքին այս մասին յայտնած է Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան:
«Եռանախագահներն առաջարկել են Հայաստանի արտգործնախարարութեանը հանդիպել Միւնխենի անվտանգութեան կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաեւ հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ազրպէյճանի արտգործնախարարների միջեւ: Մենք, ի հարկէ, երբեւէ չենք հրաժարւում որեւէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ազրպէյճանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել», ըսած է Նալբանդեան՝ ընդգծելով, որ յայտնի չէ, թէ այս անգամ ի՛նչ խաղեր կրնայ կազմակերպել Ազրպէյճան:
«Պայմանաւորւում ենք մի բան, սակայն վերջին րոպէին նրանք ձեւացնում են, որ ինչ–ինչ պատճառներով չեն կարող, անգամ մեղադրում են, որ հայկական կողմն է հրաժարւում հանդիպումից: Ասացին, որ Համպուրկում ընդհանրապէս հանդիպում չի կայացել, թէպէտ հանդիպումը եղել էր եռանախագահների ներկայութեամբ եւ արտգործնախարարների մասնակցութեամբ», դիտել տուած է Նալբանդեան՝ ընդգծելով, որ թերեւս նախարարներու մակարդակով հանդիպում կայանայ, եթէ Ազրպէյճան չհրաժարի անկէ: