Կանադայի Խորհրդարանի լիբերալ պատգամավոր, Վիմի ընտրատարածքը ներկայացնող Իվա Նասիֆը Կանադայի Համայնքների պալատում իր հայտարարությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Վիմիում երկու շաբաթ աշխատելուց հետո այսօր՝ խորհրդարան վերադառնալուս առաջին օրը պատիվ ունեցա Համայնքների պալատում կոչ անելու՝ հարգել Հայոց ցեղասպանության կանադաբնակ վերջին վերապրող Քնար Բոհջելյան Եմենիջյանի հիշատակը և ոգեկոչել Ցեղասպանության 102-րդ տարելիցը»,- Ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել պատգամավորը, փոխանցում է noranor.ca-ն:
Իր խոսքում Իվա Նասիֆը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած Քնար Բոհջելյան Եմենիջյանը կյանքից հեռացել է հունվարի 19-ին՝ 107 տարեկան հասակում, երբ ընդամենը օրեր էին մնացել 108-ամյակը տոնելու:
«Քնարը ուժի ու տոկունության կենդանի ապացույց էր, ում կյանքի պատմությունը հիշեցնում էր, որ պետք է միշտ զգոն լինել բռնությունների և անարդարության դեմ: Պատիվ եմ ունեցել հանդիպել նրան Օտտավայում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ժամանակ, ինչպես նաև անցած շաբաթ Լավալում ընթերցել Կանադայի վարչապետի հայտարարության տեքստը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ»,- ասել է Կանադայի խորհրդարանի անդամը:
Իվա Նասիֆը խորհրդարանում հայտարարել է, որ Քնար Բոհջելյան Եմենիջյանի, ինչպես նաև նրա նման ցեղասպանությունը վերապրած հազարավոր այլ մարդկանց ճակատագրերը մշտապես հիշեցնում են, որ օրենսդիրները և աշխարհի առաջնորդները հսկայական աշխատանք ունեն կատարելու:
«Մենք չենք դադարի ջանքեր գործադրել, քանի դեռ աշխարհում տիրում է անարդարությունը, անհանդուրժողականությունը և բռնությունը».- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Քնար Բոհջելյան Եմենիջյանը ծնվել է 1909 թվականի փետրվարի 14-ին, Կեսարիայում: Ցեղասպանությունից մազապուրծ լինելով՝ 1928-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Անկարա, ապա՝ Կոստանդնուպոլիս: 11 ամիս այնտեղ մնալուց հետո նրանք նավով տեղափոխվել են Հունաստան, իսկ երկու օր հետո ժամանել են Ալեքսանդրիա՝ Եգիպտոս: Քնար Բոհջելյանն այդ ժամանակ 19 տարեկան է եղել: Շուրջ 40 տարի Եգիպտոսում ապրելուց հետո 1971 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնրեալ:
Կանադայի սենատը (խորհրդարանի վերին պալատը) Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ընդունել է 2002 թվականի հունիսի 13-ին: Արդեն 2004 թվականի ապրիլին Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը ճանաչել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: