Հալեպահայ արհեստավորներից մեկի՝ կաղապարագործ Հարութ Յակուբյանի (Եագուպեան) մտերիմներն օրերս մուտք են գործել Բոստան Փաշայում գտնվող Յակուբյանների խանութ և այն գտել ավերակված: Հինգ տարի առաջ կաղապարագործը, շատ արհեստավորների և վաճառականների պես պատերազմի պատճառով լքել է իր խանութը և միայն օրերս են ոմանք կարողացել մոտենալ զինյալներից ազատագրված շրջանին:



Հալեպահայ արհեստավորը դեռ չի տեսել իր տարիների աշխատանքի ներկա տխուր վիճակը, քանի որ հիվանդ է, վիրահատվել է և ապաքինվում է: Ինչպես հայտնեցին ընտանիքի անդամները՝ հալեպահայ միությունները հոգացել են վիրահատության ծախսերը, սակայն ընտանիքի միակ եկամտի աղբյուրը՝ խանութը վերագործարկելու հարցում Եագուպեանները չեն պատկերացնում ինչ կարող է անել, քանի որ կանգնած են նյութական ծանր վիճակի առջև:
Զինյալները կողոպտել են սարքավորումները, քանդել խանութը, իսկ այնտեղ եղած Կտարականի թերթերը փորձել են այրել, սակայն հայատառ գիրքը չի այրվել...


Հարութ և Լենա Եագուպյանները
Եագուպյանների որդիներից մեկը զինվոր է, ընտանիքն այդ պատճառով պատերազմի բոլոր օրերին մնացել է Հալեպում, իսկ մյուս որդին՝ Նազոն, օրերս Հայաստան է տեղափոխվել և դժվարություններ է դիմագրավում հայրենիքում՝ ծնողներից հեռու, առանց աշխատանքի: Նրանք հույս ունեն, որ ընտանիքի հայրը շուտ կապաքինվի, պատերազմը շուտ կավարտվի և նրանք կվերագտնեն երբեմնի խաղաղ ընտանեկան կյանքը: Իսկ մինչ այդ Նազո Եագուպյանը Հայաստանում աշխատանք է փնտրում. երիտասարդը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք:

Նազո և Գևորգ Եագուպյանները
Լուսանկարներն «Արևելքին» են տրամադրել Եագուպյանները

