Թուրքական ոստիկանությունը երկրի 18 նահանգներում իրականացրած համաժամանակյա գործողության ընթացքում «օրենքով սահմանված լիազորությունները չարաշահելու մեղադրանքով» 44 մարդ է ձերբակալել: Հաղորդվում է, որ ձերբակալվածների մեջ կան ոստիկանության և այլ պետական մարմինների բարձրաստիճան ծառայողներ, ինչպես նաև «զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնք) անդամներ: Ձերբակալվածների մեջ է Իզմիր նահանգի նախկին ոստիկանապետը:
Ձերբակալության ենթակա անձանց ցուցակում, ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի, դեռ 13 հոգի կան, որ որպես կասկածյալներ որոնվում են: Նշվում է, որ թիվ 1 կասկածյալը գյուլենական շարժման առաջնորդ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենն է:
Ձերբակալությունները տեղի են ունեցել «Ռազմական գաղտնի փաստաթղթեր և տեղեկություններ պահելու» գործով բացված դատավարության շրջանակներում, որում ներգրավված մարդիկ մեղադրվում են ռազմական լրտեսության մեջ:
Դեռ 2013 թվականին սկսված այս դատավարության շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 357 անձի, որոնց շարքում կան նաև ժամկետային զինծառայողներ: Նոր հետաքննությունը սկսվել է վերջիններիս բողոքի արդյունքում:
Ձերբակալված 44 անձանցից 20-ի նկատմամբ որպես խափանման միջող կալանք կիրառելու որոշում է կայացվել: