Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ պատգամավոր ընտրված հայկական ծագումով Սելինա Դողանը (Սելինա Օզուզուն Դողան) նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններում վերընտրվել է: «Արեւելքը» հարցազրույց ունեցավ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ, իրավաբան Սելինա Դողանի հետ:
Գնահատելով Թուրքիայի վերջին ամիսների իրավիճակը` կին պատգամավորը նշեց, որ հունիսի 7-ից ի վեր երկիրն անցնում է ճգնաժամային հանգրվաններով: «Թուրքիայի նախագահը մերժեց ընդունել եւ հարգել ընտրողների կամքը: Նա ամեն ջանք գործադրեց` խորհրդարանական վերընտրություններ կազմակերպելու համար, քանի որ սպառել էր համաձայնական կառավարություն կազմելու հույսերը եւ բռնի միջոցներ կիրառեց` միանձնյա իշխանության վերադառնալու համար»:
Հիշեցնելով, որ Թուրքիայում զինվորական գործողությունների հետեւանքով 900 մարդ է զոհվել, մեր զրուցակիցն ասաց. «Տնտեսությունը ծանր վիճակում հայտնվեց: Վիճակն այնքան ծանր էր, որ շատ հաճախ ժողովուրդը չէր կարողանում սգալ իր զոհերի մահը: Երկրում խոսքի ազատությունը բռնաբարվեց, մամուլի անաչառությունը զիջեց իր դիրքերը, իսկ դատաիրավական համակարգի հանդեպ ժողովրդի վստահությունը նվազեց եւ իջավ 20%-ի: «Արդարություն ու զարգացում» (AKP) կուսակցությունը ոչ միայն ամեն ճիգ գործադրեց վերստանալու համար իր կորցրած քվեները, այլ նաեւ մի վտանգավոր խաղ հորինեց` այն PKK-ն, PYD-ն եւ «Իսլամական պետությունը» դրեց մի «կախարդական սնդուկում»` շահագործելով կրոնական եւ ազգայնակական ծայրահեղ մոտեցումներ: AKP-ի հետեւորդների մեծագույն մասը սկսեց հավատալ, թե Անկարայի ոճրագործության հեղինակը նույն ինքը` PKK-ն է: Իշխող կուսակցությունն ինչ-որ տեղ պատանդ վերցրեց հասարակական կարծիքն ու բարոյական արժեքները: Հանրությանն ամեն միջոցներով համոզում էին, որ եթե AKP-ն իշխանության վրա չլինի, երկիրը տնտեսական քաոսի կգնա: Տեղի էին ունենում հարձակումներ այն մամլո կենտրոնների վրա, որոնք քննադատում էին Էրդողանին, երկրի բոլոր շրջաններում տարածվել էր ատելության խոսելաոճը: Այս բոլոր հանգամանքները նկատի առնելով` կարելի է դիտարկել ընտրության արդյունքը եւ ասել, որ իշխող կուսակցությունը «հաղթանակ» տարավ»:
Սելինա Դողանը նաեւ նշեց, որ նույնիսկ ինքը` իշխող կուսակցությունը չէր ակնկալում, որ ընտրություններում նման հաղթանակ պիտի տոնի:
«Բայց պետք է նշեմ, որ չնայած Էրդողանն ու իր թիմակիցները կառավարություն կազմելու հնարավորություն ստացան, բայց նրանք բարեբախտաբար օրենսդրական բավարար ուժ չունեն` փոխելու երկրի սահմանադրությունը»,-նշեց մեր զրուցակիցը:
Պատասխանելով քրդական հարցի մասին մեր հարցին, թե ո՞ւր կարող են հասնել թուրք-քրդական բախումները, Սելինա Դողանն ասաց.
«Քրդական հարցը մտահոգիչ է: Եթե իշխանությունները դրական եւ օրինական մթնոլորտ չկարողանան ստեղծել երկրում, ապա այս բոլորն իզուր է: Ամեն ինչ կախում ունի իշխող կուսակցության մոտեցումներից: Այսինքն, եթե իշխանությունը լուծումներ առաջարկի եւ անկեղծ լինի իր մոտեցումներում, այդ բախումները կարող են վերջ գտնել»:
Իսկ ի՞նչ ծրագրեր ունի Սելինա Դողանը, իբրեւ հայազգի պատգամավոր.«Շարունակելու եմ պայքարել մարդկային իրավունքների եւ հատկապես` փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումների դեմ: Ես չեմ ուզում իմ գործունեությամբ ներկայանալ միայն որպես հայ: Իմ պարտականությունն է վարվել նաեւ որպես թուրք քաղաքացի: Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին, ես իմ պարտականությունն եմ համարում սատար կանգնել բոլոր այն ջանքերին, որոնք միտված են կամուրջներ ստեղծել Թուրքիայի, Հայաստանի եւ Եւրոպայի միջեւ: Իմ ընտրության առաջին օրվանից ես կոչ եմ ուղղել Թուրքիայի իշխանություններին` հայկական սփյուռքը չներկայացնել իբրեւ թշնամի: Որովհետեւ, ինչպես Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն է մի առիթով հայտարարել` սփյուռքի հայերը մեր թշնամիները չեն, այլ նրանք Անատոլիայի քաղաքացիներ են: Մենք պետք է ճանապարհներ գտնեք` նրանց սիրահաշելու համար: Ես, որպես Ժողովրդա-հանրապետական կուսակցութան անդամ, իմ ծրագրերում առաջնահերթություն եմ նկատել վերադարձնել այն բոլոր հայերի քաղաքացիությունը, որոնք այս հողի ծնունդն են, եւ այս առումով պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ: Ասեմ նաեւ, որ իմ ներկայությունն այս կուսակցության մեջ, շատ դրական մթնոլորտ ստեղծեց: Այնքան ժամանակ, որ մենք միմյանց հետ շփվում եւ համագործակցում ենք հարգանքի, խոսքի ազատության մթնոլորտում, շատ մեծ փոփոխություներ են ակնկալվում Թուրքիայում»:
Անուշ Թրվանց