Վանո Դադոյան-Մշակութաբան, ՀՀ ժողովրդական վարպետ
Քրիստոնեական արժեքների հիմքը մարդու մեջ աստվածամարդ կերտելու և նրա նախաստեղծ պատկերի վերականգնման գաղափարն է։ Համենայն դեպս, այսպիսին է մեր ազգային ողջ դպրության բովանդակությունը։
Այս տեսանկյունից մեր կրթական համակարգն ամբողջովին պիտի փոխվի և վերակազմվի հենց այդ բովանդակությամբ։ Մեր քաղաքական համակարգը ևս ամբողջովին պիտի փոխվի, քանզի պետության և հատկապես ազգային պետության մեջ համակարգը չի կարող հիմնված լինել միայն բիզնեսի վրա, քանզի արժեքների և փողի միջև չի կարող լինել ընտրություն։
Աշխարհի բարենորոգության ճանապարհը միայն և միայն մարդու հոգեզարգացումն է` մարդու կենսագործունեությունը աստվածանմանության խորհրդին համապատասխան։
Ուստի մեղանչելը կամ մեղքերի գիտակցության տակ խարխափելը կարող է շատ վտանգավոր լինել։
Հոգևոր խորը գիտելիքները հուշում են, որ մեծ մեղքը հենց մարդու մեջ լույսը չնկատելը և խավարն ավելացնելն է։ Հետևաբար բարիք գործելը մեծամեծ մեղքերի վերացում է նշանակում։ Լավ է մեկ անգամ բարիք գործել, քան տասը մեղքից փորձել իբր ազատվել։ Քանզի չկա բարիք առանց Աստծո կամքի։ Բարիք չգործելն է ամենամեծ մեղքը, որովհետև դա նշանակում է դուրս լինել Աստծո նվիրապետական կարգից ու նրա կամքի տիրույթից։
Սիրելինե՛րս, ապրենք այնպես, որ Զատիկը դիմավորենք որպես վերածնված հայ ու մեր դրախտային տիեզերքի տնօրեն։
Դիմավորենք որպես թագավոր, որպես տեր ու սպասավոր` այդպիսով ձգտելով արժանի լինելու Թագավորների Թագավորի ժառանգությանը։