image

Ըստ փոխոստիկանապետին՝ հաւաքներու ժամանակ կարգ մը կանայք յարձակողական վարք ունին

Ըստ փոխոստիկանապետին՝   հաւաքներու ժամանակ կարգ մը կանայք   յարձակողական վարք ունին

Վերջին շրջանին լրատուամիջոցներուն մէջ կը տարածուի  տեսակէտ, որ ոստիկանութիւնը բիրտ ուժ կը կիրառէ քաղաքացիներուն նկատմամբ: «Հասկանում եմ, որ այդ եզրոյթը ականջահաճոյ է, սակայն պէտք է տանք յստակ իրաւական գնահատական, առաւել ընդունելի է անհամաչափ ուժ եզրոյթը», ըսած է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիտանեանը:

«Ցաւօք, երբեմն ոստիկանութեան գործողութիւններում ականատես ենք լինում անհամաչափ ուժի կիրառման: Բոլոր դէպքերով մեր կողմից իրականացւում են համապատասխան ստուգումներ: Այս պահի դրութեամբ ունենք 47 ծառայողական քննութիւն, դրանցից ոմանք բազմադրուագ են: 47-ից 34 դէպքով էլ քրէական դատավարութեան օրէնսգրքին համապատասխան նախապատրաստուել են նիւթեր եւ յարուցուել քրէական գործեր:

Քաղաքացիների կողմից էլ կան բազմաթիւ դէպքեր, երբ ոչ-իրաւաչափ գործունէութիւն է իրականացւում: Այդ դէպքերի առնչութեամբ էլ ունենք 13 նիւթ: Շատ են դէպքերը, երբ ոստիկանութեան կիրառած առերեւոյթ անհամաչափ ուժը արդիւնք է քաղաքացիների սադրիչ գործողութիւնների:

Բազմաթիւ դէպքեր ենք արձանագրել, երբ վիրաւորական արտայայտութիւններ են հնչում ոստիկանների հասցէին, նաեւ հայհոյանքներ, ասեղով ծակում են ոստիկանութեան ծառայողներին, այնպէս են ծակում, որ չնկատուեն: Աչքի են ընկնում նաեւ առանձնայատուկ յարձակողական դրսեւորմամբ իգական սեռի ներկայացուցիչներ: Ֆրանսայի հրապարակում տեղադրուել է պատ, որտեղ ներկայացւում են ոստիկանների լուսանկարները: Այս ամէնը չի կարող ոստիկանների վրայ բացասական ազդեցութիւն չունենալ, այս ամէնի համագումարը երբեմն ծնում է վերաբերմունքը, որը երբեմն ոստիկանութեան աշխատակիցները դրսեւորում են: Սա չի արդարացնում նրանց, սակայն ոստիկանը նաեւ մարդ է», նշած է Ֆիտանեանը: