image

Ըստ պատգամաւորին միջանցքի բացման հարցով Ատրպէյճան պայմաններ դրած է

Ըստ պատգամաւորին միջանցքի բացման հարցով Ատրպէյճան պայմաններ դրած է

Հայաստանը Արցախին կապող միջանցքի հնարաւոր բացման հարցը վերջին օրերուն կ'արծարծուի Արցախի պետական նախարարի հնարաւոր հրաժարականի պայմաններուն։ Այս մասին դիմատետրի իր էջին գրած է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

Ան նաեւ նշած է. «Ըստ այդ տրամաբանութեան, ե՛ւ ՀՀ իշխանութիւնը, ե՛ւ Ադրբեջանից եկող ազդակները ցոյց են տալիս, որ պետնախարարի հրաժարականը հնարաւորութիւն կը ստեղծի միջանցքի բացման համար։

Մի կողմ դնելով ՀՀ իշխանութեան, առաւել եւս՝ Ադրբեջանի ցանկութիւնները, իրավիճակը փորձենք դիտարկել փաստական տեսանկիւնից։

Արդեօ՞ք Ադրբեջանի միակ ցանկութիւնն ու պահանջը Ռուբէն Վարդանեանի հրաժարականն է և արդեօ՞ք նրա գնալով առկայ եւ ուրուագծուող խնդիրները կը լուծուեն։

Յիշեցնեմ, որ միջանցքը փակելուց յետոյ պաշտօնական ու ոչ պաշտօնական մակարդակով Ադրբեջանը կեանքի ուղին բացելու համար պահանջում էր կասեցնել «Կաշէնի» հանքի շահագործումը, միջանցքի որեւէ հատուածում ադրբեջանցի գործուղել, ով վերահսկողութիւն կ'իրականացնի ՀՀ-ից Արցախ եւ հակառակ ուղղութեամբ բեռնափոխադրումների նկատմամբ, տեղադրել անհրաժեշտ սարքաւորումներ, երկկողմանի շարժը վերահսկելու համար։

Մէկ այլ պահանջ, որը շրջանառւում է, կապուած է Պաշտպանութեան Բանակի ծանր տեխնիկայի դուրս բերման հետ, որը 44-օրեայ պատերազմից յետոյ, փոքր ծաւալով, մի քանի փուլով իրականացուել է։

Այսինքն՝ միջանցքի հնարաւոր բացման հետ կապուած Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում, ենթադրւում է, այդ թուում՝ պետնախարարի հրաժարականի թեման։

Ունի՞ որեւէ մէկը երաշխիք, որ նոյնիսկ այս պահանջների կատարումից յետոյ միջանցքը կը բացուի՝ ոչ։

Ունի՞ որեւէ մէկը երաշխիք, որ եթէ նոյնիսկ ադրբեջանական պահանջները կատարուեն, միջանցքը բացուի, ապա նոյնպիսի խնդիր չի առաջանայ, օրինակ՝ 1-2 ամիս յետոյ։ Կամ օրինակ՝ գազի, ելեկտրաէներգիայի խնդիր այլեւս չի լինի։ Ի հարկէ, ոչ։

Ընտրութիւնն Արցախին է, իրենք են ծանր իրավիճակում եւ դժուար է նրանց դերի ու բեռի տակ մտնելով, նրանց լուծում կամ «ճիշդ» թելադրել, ամէն դէպքում ստեղծուած իրավիճակին պէտք է նայել սթափ, մտածուած, հաշուարկուած, հակառակ դէպքում, Ադրբեջանը նախապայմանների այնպիսի ցանկ կը բացի, որից յետոյ դիմադրութեան ռեսուրս այլեւս չի լինի։

Դեռ չեմ խօսում այն մասին, որ Ռուբէն Վարդանեանին պետնախարար նշանակելու առաջարկն արուել էր օգոստոս/սեպտեմբերին, նշանակումը՝ նոյեմբերին, նշանակողն ու շահագրգիռ կողմերը երկար ժամանակ ունէին մտածելու, ծանր ու թեթեւ անելու եւ այդ ամէնից յետոյ արել են նշանակում։

Չափազանց անլուրջ է այդ նշանակումից 2 ամիս անց սկսել յետին թուով պատճառներ, ռիսկեր քննարկել։ Դրա մասին պէտք է շուտ մտածէիք։

Գնացքը գնացել է, այլեւս այլ իրավիճակ է եւ խնդիրների հնարաւոր լուծումները պէտք է դիտարկել առկայ իրողութիւնների տրամաբանութիւնից»։