Ատրպէյճանը Լեռնային Ղարաբաղի բռնագրաւուած տարածքները կը բնակեցնէ ագրեսիւ (յարձակող) տարրով, որ հետագային կրնայ օգտագործուիլ թէ՛ Արցախի, թէ՛ Իրանի դէմ։ Այս մասին ըսած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի խորհրդական Դաւիթ Բաբաեանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ատրպէյճանի Փախստականներու եւ հարկադիր վերաբնակներու հարցերով պետական կոմիտէի նախագահի յայտարարութիւնն այն մասին, որ «Շուշի քաղաքի նախկին հարկադիր վերաբնակներու 95 տոկոսը անոր վերականգնումէն ետք պիտի վերադառնան իրենց տուները»։
«Նախ, ազգութեամբ ադրբեջանցի Շուշիի բնակիչների մեծ մասը բնիկ շուշեցիներ չէին։ Մինչեւ 1920 թուականը Շուշիում ապրում էր մօտ 50 հազար մարդ, որից աւելի քան 47 հազարը հայեր էին։ Միայն մի փոքր մասն էին կազմում թուրքերը եւ այլ մուսուլմանական ժողովուրդների ներկայացուցիչներ։ 1920 թուականին Շուշիում հայերի սարսափելի կոտորածից յետոյ մինչեւ 1970-ականների սկիզբը Շուշիի բնակչութիւնը չի գերազանցել 5-6 հազարը։ Այնուհետեւ սկսուեց ադրբեջանցիների զանգուածային բնակեցումը Ադրբեջանի տարբեր շրջաններից։ Երկրորդ՝ յայտարարութիւնները, թէ «95 տոկոսը կը վերադառնայ», պարզապէս խօսքեր են։ Անգամ եթէ այնտեղ որոշակի թուով մարդ վերաբնակեցուի, ճնշող մեծամասնութիւնը շուշեցիներ չեն լինի կամ նրանց սերունդները։ Հասկանալի է, որ բնակեցուելու են եկուորներ կա՛մ Ադրբեջանի այլ շրջաններից, կա՛մ այլ երկրներից, օրինակ՝ կան մի շարք տուեալներ, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը Արցախի օկուպացուած տարածքներում վերաբնակեցնում է թուրքմեններին, Մերձաւոր Արեւելքից եկած մարդկանց, որոնք Ղարաբաղեան երրորդ պատերազմի ժամանակ կռուել են Ադրբեջանի կողմից, որպէսզի հետագայում դրանք վերածեն ագրեսիւ տարրի, որը կ'օգտագործուի ինչպէս մեր, այնպէս էլ Իրանի դէմ»,- ընդգծած է Բաբայեանը։
Ան արձանագրած է, որ Ատրպէյճանը կոպտօրէն կը խախտէ նոյեմբեր 9-ի յայտարարութիւնը նաեւ վերաբնակեցման հարցով, քանի որ եռակողմ յայտարարութիւնը կը յուշէ, որ գործընթացը պէտք է իրականացուի ՄԱԿ-ի Փախստականներու հարցերով գերագոյն յանձնակատարի վարչութեան հովանիի ներքոյ։ Իրականութեան մէջ, բռնագրաւուած տարածքները վերաբնակեցնելու Ատրպէյճանի գործողութիւնները տեխնիկապէս անհնար է վերահսկել։