Այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճանի» համայնքը կը նախաձեռնէ վտարանդի կառավարութիւն ստեղծելու գործընթաց։
Այս մասին գրած է ատրպէյճանագէտ Տաթիկ Հայրապետեան։
«Դրա մասին գրում են ադրբեջանական լրատուականները։ Առաջին հայեացքից անհեթեթ այս գործընթացը շատ լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան համար։ Վստահ եմ՝ ֆետիշացուած (պաշտամունքի առարկայ դարձած) սիւներն էլ չեն փրկի, պատն ու ծառն էլ․․․
Յիշեցնեմ, որ «Արեւմտեան Ադրբեջան» Իլհամ Ալիեւը կոչում է Հայաստանի ներկայիս ողջ տարածքը։ Ողջ պետական ապարատն (մեքենան) ու դիւանագիտական ներուժն օգտագործւում է Հայաստանի պետութեան ու տարածքի հաշուին ադրբեջանցիների համար գոյութիւն չունեցող «պատմական հայրենիք» կառուցելու ուղղութեամբ։
Այդ նախաձեռնութիւնը պաշտօնապէս սկսուել է 2022 թուականի դեկտեմբերի 24-ին, երկու ամիս անց այն բանից յետոյ, երբ Նիկոլ Փաշինեանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ալիեւի պատասխանը Հայաստանի տարածքը «Ադրբեջան» հռչակելն էր։ Ոչ մի հետեւութիւն չարուեց, արդէն երկու տարի է այդ քաղաքականութիւնը անարձագանգ է մնում Երեւանի կողմից։ Իսկ հետեւանքներն էլ գնալով աւելի վտանգաւոր են դառնում։
Եթէ ՀՀ-ում լինէր պետականամէտ կառավարութիւն, ապա այս թէզը կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դէմ։ Բայց երբ իշխանութեան առաջնահերթութիւնը խաշլաման է, այդ իշխանութիւնից որեւէ բան ակնկալելն անմտութիւն է․․․»,-գրած է Հայրապետեան։