image

Վարչապետը Antlantic council-ի մէջ ներկայացուցած է ՀՀ կառավարութեան արտաքին քաղաքականութիւնը

Վարչապետը Antlantic council-ի մէջ ներկայացուցած է ՀՀ կառավարութեան արտաքին քաղաքականութիւնը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան դիմատետրի իր էջին յայտնած է, որ Antlantic council-ի մէջ հանդէս եկած է ելոյթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հաւասարակշռման եւ հաւասարակշռուած արտաքին քաղաքականութիւնը:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան մասնաւորապէս ըսած է՝

«Հարգելի պրն. Հերբսթ, վերլուծական կենտրոնների հարգելի ներկայացուցիչներ,

Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձեզ հետ քննարկելու հնարավորության համար։ Հայաստանի Կառավարությունը որդեգրել է մի արտաքին քաղաքականություն, որը մենք անվանում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Այդ քաղաքականության առանցքում Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացումն է։

Երբ մենք մտածում էինք, թե որն է անկախության մակարդակի բարձրացման բանաձևը, եկանք եզրակացության, որ դա նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության։ Այժմ մենք գործում ենք այս բանաձևի շրջանակներում։ Իհարկե, մենք առաջին հերթին կենտրոնացած ենք մեր տարածաշրջանային հարաբերությունների վրա, որովհետև թե որքանով կլինենք անկախ, անվտանգ, որքանով մեր անվտանգության համակարգը կլինի հուսալի, կախված է նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կունենանք մեր տարածաշրջանում։

Գիտեք, որ մեր երկրի չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են, ես խոսում եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանների մասին։ Մենք ունենք ևս երկու սահման՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, այս երկու սահմանները մեզ համար շատ կարևոր են, մենք համագործակցում ենք, ունենք լավ հարաբերություններ մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, բայց մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում»։