image

«Վստահեցնում եմ ձեզ՝ 2026-ի ընտրութիւններին Տաւուշի 4 գիւղերում ՔՊ-ն յաղթելու է շռնդալից ձեւով»․ Ալեն Սիմոնեան

«Վստահեցնում եմ ձեզ՝ 2026-ի ընտրութիւններին Տաւուշի 4 գիւղերում ՔՊ-ն յաղթելու է շռնդալից ձեւով»․ Ալեն Սիմոնեան

Ինչու՞ վարչապետը կ՚ըսէ, որ այդ 4 գիւղը ոչ թէ տուած ենք, այլ վերցուցած ենք, որովհետեւ մենք հնարաւորութիւն ունինք սահմանն ուրուագծելու։ Այս մասին լրագրողներու հետ զրոյցին ըսած է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը։

Վերջինս նշած է, որ 1976 թուականի քարտէզը ամենաընդունելի տարբերակն է սահմանազատման գործընթացի համար։

«Որ ասում են՝ մարդիկ իրենց տներից դուրս կը գան, նախ խօսքը գնում է մի տան մասին ու պետութիւնը աւելի շատ ձեւով այդ մարդկանց հատուցելու է։ Պարտադիր չէ, որ ՔՊ-ական պատգամաւորները գնան, շոու անեն, ըստ ձեզ՝ այդ մարդկանց հետ չի՞ խօսւում, ով է առաջինը գնացել Ոսկեպար, Կիրանց։ Վարչապետը, ու ոչ մէկ անգամ, պետութեան ներկայացուցիչները, գնում խօսում են նրանց հետ»,-ըսած է Սիմոնեանը։

Հարցին՝ ի՞նչ կ՚ըլլայ, եթէ բնակիչները չընդունին փոխհատուցումը, Սիմոնեանն ըսած է․

«Չեն ընդունի, պետութիւնն այլ որոշում կը գտնի։ Ես կարող եմ վստահեցնել, որ մենք Հիւսիսային պողոտայի պէս չենք անելու, երբ կոպեկներ շպրտցին ու մարդկանց դուրս շպրտեցին իրենց տներից ու խօսքը մի տնակի մասին չէր, այլ մի ամբողջ թաղամասի։

Մենք այդպէս չենք անելու, մենք մարդկանց հետ խօսելու ենք, կը բանակցենք այնքան, մինչեւ մարդիկ իրենց համաձայնութիւնը կը տան։ ՀՀ-ն իր քաղաքացիներից որեւէ մէկին չի նեղացնելու, անտէր ու անտուն չի թողնելու։ Ինչ վերաբերում է այդ գիւղերին, վստահեցնում եմ ձեզ՝ մի քանի տարի յետոյ այդ գիւղերը լինելու են օրինակելի գիւղեր ու 2026 թուականի ընտրութիւններին Քաղաքացիական Պայմանագիրը այնտեղ յաղթելու է շռնդալից ձեւով»։