image
Հրատապ լուրեր:

Հռոմը սրբադասելու է ախալցխացի հայ հոգեւորականին

Հռոմը սրբադասելու է ախալցխացի հայ հոգեւորականին

«Արեւելքի» տեղեկություններով՝ այսօր Հռոմից Լիբանան է փոխադրվել 20-րդ դարի նշանավոր հոգեւորական, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937-1962թթ.) Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի մարմինը: 

Լիբանանի քրիստոնյաները (ոչ միայն հայ) անհամբերությամբ սպասում են կրոնական այն արարողություններին, որ տեղի են ունենալու այսօր երեկոյան հայ կարդինալի մարմինը Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակում ամփոփելու առթիվ, ինչպես նաեւ՝ լիբանանցիներին է ներկայացվելու կարդինալ Աղաջանյանի սրբադասման դատի կոնդակը: 

2020 թվականին Հռոմի Պապը, նկատի առնելով կարդինալ Աղաջանյանի՝ տարիների ընթացքում աճող սրբության համբավն ու հայ կաթողիկե բարձրաստիճան հոգեւորականների դիմումը՝ որոշում է կայացրել ընթացք տալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանի երանացման եւ ապա՝ սրբադասման դատին:

Հռոմի Սրբադասման հանձնաժողովն այս տարվա  փետրվարի 23-ին ավարտել է կարդինալ Աղաջանյանի մարմնի կանոնական հետաքննությունը, հաստատել դրա վավերականությունը, ինչպես նաեւ՝ լավ պահպանված (անփուտ) վիճակը, որ կարեւոր քայլ է երանացման եւ սրբադասման դատի հաջողության համար: 

Հայ կարդինալը հուղարկավորված էր Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցու՝ Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված կողմնակի մատռան դամբանում եւ Լիբանան է փոխադրվում իր կտակի համաձայն: 

Կարդինալ Աղաջանյանը սրբադասման է արժանանալու իր գործունեության համար, որ միտված էր խաղաղության տարածմանը, ինչպես նաեւ այն անսահման սիրո համար, որ նա վայելել է հազարավոր հավատացյալների կողմից՝ համաշխարհային մակարդակով:

1960-70-ին նա գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը, ջանացել  ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում՝ հատկապես «Երրորդ աշխարհ»-ում, որտեղ փորձել է կազմակերպել կաթոլիկ նոր թեմեր ու դպրոցներ։

Նա համարվում է «կարմիր զգեստով խաղաղության առաքյալ», որ իր համեստության պատճառով հրաժարվել է Հռոմի Պապի աթոռից. ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, նա Հռոմի Պապ է ընտրվել 1963-ի քահանայապետական գաղտնի ընտրաժողովի ժամանակ (Պապության է առաջադրվել երկու անգամ): Նրա եպիսկոպոսական նշանաբանը եղել է «Արդարություն եւ խաղաղություն» (Lustitia et Pax): 

1946 թվականին, Պիոս XII պապից ընդունելով կարդինալի գլխարկը, Աղաջանյանը հայտարարել է. «Ընդունում եմ աստիճանը խոնարհությամբ եւ հպարտությամբ։ Խոնարհությամբ, քանզի գիտակցում եմ իմ անկատարությունը, իսկ հպարտությամբ, քանզի ի դեմս ինձ պատվում են իմ սիրելի հայ ժողովրդին, նրա սրբերի եւ նահատակների արյունը»։

Նա մեծ ջանք է տարել Լիբանանի տարբեր համայնքների միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ կրոնականից բացի գործելով նաեւ դիվանագիտական, քաղաքական դաշտերում: Տիրապետում էր ութ լեզվի:  

Աղաջանյանի մարմինը Լիբանան փոխադրելու առթիվ այդ երկիր են այցելել բազմաթիվ ուխտավորներ:

Հռոմից Լիբանան փոխադրումը՝ Middle East Airlines-ով

Գրիգոր Պետրոս Աղաջանյանը (իսկական անունը՝ Ղազարոս) ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 18-ին, Ախալցխայում։ Սովորել է Հռոմի կաթոլիկ հաստատություններում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի եւ իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է քահանա։ 1919-21-ին եղել է Թբիլիսիի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921-32-ին՝ Հռոմի հայ կաթոլիկական Լեւոնյան վարժարանում դասատու էր, պրոռեկտոր, 1932-ից՝ ռեկտոր։ 1937-ին ընտրվել է կաթոլիկ հայերի պատրիարք՝ ընդունելով Գրիգոր–Պետրոս XV անունը։ 1946-ից կարդինալ էր: Վախճանվել է 1971 թվականին, Վատիկանում։