image

Թուրքիոյ հետ սահմանի բացումը մեծ հարուած Հայաստանի համար. Ռոպերթ Քոչարեան

Թուրքիոյ հետ սահմանի բացումը մեծ հարուած Հայաստանի համար. Ռոպերթ Քոչարեան

 

Մենք չենք կրնար ըսել, որ փակ սահմանը լաւ բան է, ի հարկէ, լաւ բան չէ, եւ նորմալ չէ քարոզել, որ սահմանները փակ պահելը լաւ երեւոյթ է: Այս մասին իր աջակիցներու հետ հանդիպման ժամանակ նշած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը:

«Բայց մի բան ակնյայտ է, որ այսօր Թուրքիայի հետ սահմանը բացելը մեծ հարուած կը հասցնի մեր գիւղատնտեսութեանը: Որովհետեւ մեր գիւղատնտեսութիւնները մրցակից են, եւ ակնյայտ է, որ Թուրքիայի գիւղատնտեսութիւնն աւելի լաւ վիճակում է, աւելի մեծ ծաւալների մէջ է, եւ Թուրքիայի կառավարութիւնը շատ աւելի մեծ սուպսիտիաներ (օգնութիւններ) է տրամադրում: Հայաստանում գրեթէ դա չի արուում, գիւղնախարարութեան վերացումն էլ ոլորտը թողեց լրիւ անտէր:

Սա նշանակում է, որ եթէ հիմա սահմանը բացուի, Արարատեան դաշտավայրի մեր գիւղացիների վիճակը լինելու է ուղղակի սարսափելի: Իրենց ապրանքը մրցունակ չի լինելու գնային առումով:

Մինչեւ սահմանը բացելը առնուազն մի քանի տարի պէտք է քո գիւղատնտեսութեան մակարդակը բարձրացնես, աջակցող ծրագրերու (սուպսիտաւորում) մակարդակը բերես նոյն մակարդակի, տարբեր հարկերով պաշտպանես քո շուկան, որից յետոյ նոր միայն կարող ես մտածել սահմանը բացելու մասին»,-ընդգծած է Քոչարեան:

Ան յիշեցուցած է, որ 1998-1999 թուականներուն ներմուծման փոխարինման ուղղութեամբ աշխատանքներ իրականացուցած են, որու շնորհիւ գիւղատնտեսութիւնը բաւական լուրջ թափ առած էր. «Հիմնական խնդիրը թուրքական ապրանքներն էին: Թէկուզ սահմանը փակ էր, Վրաստանով էին բերում: Շատ կոշտ միջոցներ էինք ձեռնարկում մեր շուկան պաշտպանելու համար՝ եւ օրէնսդրական, եւ սուպսիտաւորման եղանակներով: Մենք օգնել ենք գիւղացուն ոտքի կանգնել: Իսկ հիմա մի գիւղացիական տնտեսութիւն չկայ, որ վարկերի տակ չլինի: Մեր բնակչութեան մի մասը վարկերի տակ է, միւս մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրէական գործերի: Մարդիկ ճռռում են, ուղղակի չեն հասցնում։ Այս հարցերին լուծում չտալով, մենք իրաւունք չունենք խօսել Թուրքիայի հետ առեւտրի, սահման բացելու մասին: Սահմանը բացելու մասին խօսողին պէտք է հարցնել՝ այսօր Թուրքիայի հետ միջնորդաւորուած առեւտրի հաւասարակշռութիւնը ո՞ւմ օգտին է: Մենք ի՞նչ ենք արտահանում Թուրքիա, սահմանը բացելուց յետոյ մեր արտահանման ծաւալները մեծանալո՞ւ են, թէ՞ չեն մեծանալու: Թէ՞ Թուրքիայից ներմուծուող ապրանքների ծաւալն է թռիչքաձեւ աճելու: Ես համոզուած եմ, որ այդպէս է լինելու»,-ընդգծած է Քոչարեանը: