«Հրապարակ» թերթը կը գրէ.
«Ատրպէյճանական լրատուականներում երէկ լուսանկարներ եւ տեսանիւթեր էին շրջանառւում` իբրեւ թէ թշնամու զինուած ուժերը Փառուխ գիւղի յարակից տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են յայտնաբերել: Եւ դա ներկայացնում էին իբր, այսպէս կոչուած, «Խոճալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացոյցներ: Նոյնիսկ հասցրել են մտացածին քրէական գործ յարուցել:
Փառուխ գիւղի նախկին բնակիչների հետ զրոյցում տեղեկացանք, որ ադրբեջանցիների ներխուժած տարածքում` գիւղի յարակից բլուրներից մէկում է գտնւում գիւղի հին գերեզմանոցը, որտեղ թաղուած են իրենց նախնիները: Փառուխեցիները կարծում են, որ հէնց այդ գերեզմաններն է թշնամին քանդում ու աճիւնների ոսկորները հանում:
Փաստօրէն, թշնամին հերթական ստոր ու անմարդկային քայլին է դիմում` ոչ միայն անարգելով հայերի գերեզմանները, այլեւ մահացածների ոսկորներն օգտագործելով իրենց կեղծ թեզերն առաջ տանելու համար: Դեռ աւելին` թշնամին հայերի ոսկորների հիման վրայ քրէական գործ է յարուցում` մտացածին մեղադրանքներ ուղղելով մեր դէմ, իսկ հայկական կողմում քար-լռութիւն է այս թեմայի հետ կապուած»: