Հայ Առաքելական Եկեղեցւոյ Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Տաթեւ քահանայ Մարուքեանը տեղափոխուել է Արագածոտնի թեմի Ապարանի տարածաշրջան: Նուիրեալ քահանան այսուհետ իր հոգեւոր ծառայութիւնն է իրականացնելու Ծաղկահովիտի հովուութեան 7 համայնքներում:
Այդ առիթով Տէր Տաթեւ քահանայ Մարուքեանը սոցցանցի իր էջում գրել է.
«Սիրելիներ, Աստծոյ կամօք 2009 թուականի Փետրուարից Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինութեամբ իմ քահանայական համեստ ծառայութիւնը մատուցեցի Վիրահայոց թեմում, ի մասնաւորի` շուրջ տաս տարի Սամցխէ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդութեան Ախալցխայի եւ Ախալքալաքի հովուութիւններում, եւ երեք տարի Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում: Իմ խորին գոհունակութիւնն եմ յայտնում վերոյիշեալ տարիների Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանին, Սամցխէ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տէր Բաբգէն վարդապետ Սալբիյեանին եւ Վիրահայոց թեմի ներկայիս առաջնորդ Հոգեշնորհ Տէր Կիրակոս վարդապետ Դաւթեանին, իմ քահանայ, աարկաւագ, դպիր բոլոր ծառայակից եղբայրներին, թեմական կառոյցների պաշտօնէութեան բոլոր անդամներին, իմ շատ սիրելի համայնքների քոյրերին ու եղբայրներին` միասնաբար մեր քաղցր ու պատասխանատու ծառայութիւնը իրականացնելու, միմեանց զօրակից ու աջակից լինելու համար: Իմ շատ սիրելի Ջավախքցիներ, ախալքալաքցիներ ու թբիլիսցիներ, յուսով եմ ձեզ յուսախաբ չեմ արել իմ ծառայութեան մէջ: Ամենամեծ ու նուիրական ցանկութիւնս այդ տարիներին եղել է, որ բոլորդ սիրէք ու երկրպագէք մեր Տէր Յիսուս Քրիստոսին, նուիրուէք ու ծառայէք մեր Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ազգին ու հայկական արժէքներին: Մեծագոյն երջանկութիւն եղաւ, որ Ախալցխայում, Ախալքալաքի ու Նինոծմինդայի բազմաթիւ գիւղերում մասնակից եղանք մեր պապերի կառուցած սուրբ տաճարների վերաշինման ու օծման սքանչելի արարողութիւններին: Փառք եմ տալիս Տիրոջն այս տարիների ծառայութեան համար:
Այժմ, ցանկանում եմ տեղեկացնել բոլորիդ, որ Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ եւ Արագածոտնի թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տէր Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանի բարի ընդունելութեամբ քահանայական ու հովուական ծառայութիւնս պէտք է մատուցեմ թեմի Ապարանի տարածաշրջանում, ի մասնաւորի` Ծաղկահովիտի հովուութեան եօթ համայնքներում:
Տէրը զօրավիգ լինի բոլորիս»:
Տ. Տաթեւ քահանայ Մարուքեանը (աւազանի անունը` Արսէն) ծնուել է 1983 թուականի Յուլիսի 19-ին ՀՀ Գիւմրի քաղաքում:
1990-2000 թթ. սովորել եւ աւարտել է Գիւմրի քաղաքի Աւ. Իսահակեանի անուան թիւ 26 միջնակարգ դպրոցը:
2000-2003 թթ. սովորել եւ աւարտել է Գիւմրիի հոգեւոր ընծայարանը:
2003- 2006 թթ. ընդունուել եւ աւարտել է Գէորգեան հոգեւոր ճեմարանը:
2006թ.-ի Փետրուարին` ձեռամբ Տ. Ներսէս արքեպիսկոպոս Պոզապալեանի, ձեռնադրուել է սարկաւագ եւ նշանակուել ծառայութեան Քդկ-ում:
2008 թ.-ի Ապրիլին պաշտպանել է աւարտաճառ «քրիստոնէական դաստիարակութիւնը ընտանիքում եւ հաւատքի ձեւաւորումը երեխաների մօտ» թեմայով:
2008 թ.-ին` ձեռամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալեանի, ձեռնադրուել է ամուսնացեալ քահանայ:
2009 թ.-ի Յունուարից նշանակուել է հոգեւոր ծառայութեան Վիրահայոց թեմում որպէս Ախալցիխէի շրջանի հայկական գիւղերի, Ադիգենի եւ Աբասթումանի շրջանների հայութեան հոգեւոր հովիւ:
2009 թ.-ի սեպտեմբերից նշանակուել է ծառայութեան Վիրահայոց թեմում որպէս Սամցխէ-Ջավախքի Ախալքալաքի եւ մերձակայ գիւղերի հայութեան հոգեւոր հովիւ:
2018 թուականին ծառայութեան է նշանակուել Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում:
Ամուսնացած է, ունի երկու զաւակ: