Լեռնային Ղարաբաղի մասին յիշատակումը կը բացակայի ի սպառ, Սոչիի հանդիպման եզրափակիչ յայտարարութիւնը հիասթափեցնող է: Դիմատետրեան էջին գրած է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը․
«Սոչիի հանդիպման եզրափակիչ յայտարարութիւնը հիասթափեցնող է։
Թէպէտ մինչ հանդիպումը քաղաքական եւ տեղեկատուական հոսքերում ինտենսիւօրէն շրջանառւում էին Լեռնային Ղարաբաղի որոշակի սուբյեկտայնութեանը վերաբերող մտքեր, սակայն յայտարարութեան բուն տեքստում Լեռնային Ղարաբաղի մասին յիշատակումը բացակայում է ի սպառ։
Անգամ այն հատուածում, որը վերաբերում է ռուս խաղաղապահների առաքելութեանը, Արցախն անգամ աշխարհագրօրէն յիշատակուած չէ։
Դրա փոխարէն օգտագործուած է «իր (առաքելութեան) տեղակայման վայրում» ձեւակերպումը։
Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ յայտարարութեան նախագծից որոշ հատուածներ հանուել են։ Թէպէտ, ի հարկէ, հետաքրքիր կը լինէր տեսնել տեքստի նախնական տարբերակը, սակայն փաստը մնում է փաստ, որ ըստ ամենայնի Ատրպէյճանին յաջողուել է հանել Լեռնային Ղարաբաղի մասին յիշատակումները տեքստից։
Իսկ Ալմա-Աթայի 1991 թուականի հռչակագրի յիշատակումը նման փաստաթղթում առհասարակ հասկանալի չէ։ Այս հռչակագրի մասին բազմիցս խօսել ենք եւ կրկին կը խօսենք։
Մենք քանիցս յայտնել ենք, որ կողմ կը լինենք կարգաւորման այնպիսի տարբերակի, որը խաչ չի քաշի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի հեռանկարի եւ հնարաւորութեան վրայ։
Մեր ասածն ուժի մէջ է»,-գրած է Աշոտեան։