image

«Հանքարդյունաբերության սիրտը Սյունիքում է».Արմեն Ստեփանյան

«Հանքարդյունաբերության սիրտը Սյունիքում է».Արմեն Ստեփանյան

«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական ընկերության Կայուն զարգացման գծով տնօրեն եւ միաժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ «Արեւելք»-ը զրուցել է կայուն զարգացման խնդիրների,  սփյուռքահայությանը Հայաստանի հանքարդյունաբերության կարեւորագույն դերի մասին իրազեկելու եւ այլ հարցերի շուրջ: 

 

-Պարոն Ստեփանյան, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման տնօրինությունը ի՞նչ աշխատանքներ է համակարգում: 

Ուղղությունները, որ տնօրինում է այս կառույցը՝ բնապահպանական ուղղությունն է, ընկերային պատասխանատվությունը, աշխատանքային ու արտադրական անվտանգությունն ու արտաքին ու ներքին հաղորդակցության միջոցները: Այս չորս հիմնական ուղղությունները համակարգելով՝ մենք մեր առջեւ խնդիր ենք դրել բոլոր այս նշված ոլորտների ծրագրերն ու աշխատանքները համապատասխանեցնել Հայաստանի հանրապետության կանոնադրությանն ու օրենսդրությանը: Ինչպես գիտեք՝ ընկերությունը մեծ աշխատանք է տանում շրջակա միջավայրի պաշտպանության ու պահպանության,  աշխատանքային անվտանգության ուղղությամբ՝ կարեւորելով ամենագլխավորը՝ մեր աշխատակիցների անվտանգությունն ու առողջությունը: Մենք, այդ աշխատանքները համապատասխանեցնելով տեղական, այսինքն հայաստանյան օրենքներին, միայն դրանով չենք սահմանափակում մեր գործունեությունը. մենք ստանձնել ենք պատասխանատվություն եւ դրսեւորել ենք կամք՝ բոլոր այդ ծրագրերը համապատասխանեցնելու նաեւ միջազգային մի շարք չափորոշիչների:  Դրանցից է օրինակ, Միջազգային ֆինանսական կորպորացիայի չափանիշները, որոնք երեւի մեր ոլորտում ամենալայն կիրառությունն ունեցողն են: Կան նաեւ այլ միջազգային չափանիշներ, որոնց համապատասխան գործում ենք, բայց ամենահայտնին այս նշածս է, մյուսները դրան զուգահեռ են: 

 

-Պարոն Ստեփանյան, շատ բան է փոխվել մեր երկրում, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո: Այսօր մեզ համար գերխնդիր է սահմանային իրավիճակը, եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գտնվելով սահմանամերձ Սյունիքում, ի՞նչ մտահոգություններ եւ անվտանգային խնդիրներ է դիմագրավում այդ առումով, նկատի ունենալով նաեւ, որ Հայաստանի բյուջեի կարեւոր աջակից ոլորտի՝ հանքարդյունաբերության ոլորտի սիրտը Սյունիքում է:

Այո՛, հանքարդյունաբերության սիրտը Սյունիքում է, եւ այսօր ուշադրությունը Սյունիքին ոչ միայն հանքարդյունաբերական տեսանկյունից է, այլեւ՝ մնացած բոլոր տեսանկյուններից ու այդ ուշադրությունը գնալով ավելի  է շատանում եւ Սյունիքն էլ իսկապես ունի՛ դրա կարիքը: Այսօր մարզը պետք է մեր բոլորի ուշադրության կենտրոնում լինի ոչ միայն 2020 թվականի պատերազմի տեսանկյունից, այլեւ՝ մանավանդ արցախյան վերջին իրադարձություններից հետո:  Ու այսօր մենք շատ ուրախ ենք, որ տեսնում ենք օր օրի ավելի մեծացող այդ ուշադրությւնը Սյունիքի հանդեպ: Բոլոր հարցերի հետ միաժամանակ այս օրերին կարեւորվում է նաեւ մեր աշխատակիցների անվտանգությունը, որոնք ապրում եւ աշխատում են  ժողովրդական լեզվով ասած՝ սահմանի բերանին: Մեր մնացած բոլոր աշխատակիցների հետ նրանց անվտանգությունն էլ մեր առաջնահերթություններից է: Ես տնօրինում եմ նաեւ բարեգործական հիմնադրամը, եւ նշեմ, որ մեր բարեգործական ուղղվածություններից մեկը նաեւ սահմանամերձ այդ հատվածներում որոշակի  աշխատանքներն են: Այդ ուղղությամբ տարվող բոլոր ծրագրերը մենք համաձայնեցնում ենք մարզպետարանի, Տեղական ինքնակառավարման մյուս մարմինների հետ,  շատ գործեր մենք համատեղ ենք անում, անմասն չենք մնում ընդհանուր աշխատանքներին, իհարկե, այդ մասին ոչ միշտ  հայտարարելով:  

Օգնելով սահմանում տարբեր գործունեություն իրականացնող կառույցներին՝ մենք դրանով նաեւ օգնում ենք թե՛ մեր աշխատակիցներին, որոնք ապրում են այնտեղ, թե՛ սահմանամերձ գոտիների բնակչությանն ընդհանրապես: Անվտանգային ավելի մեծ հարցեր պարզապես չենք կարող լուծել, չունենք դրա իրավասությունն ու հնարավորությունը: 

 

-Վերջին շրջանում շատ է խոսվում կայուն զարգացման մասին, այդ առումով ի՞նչ առաջընթացի մասին կարող եք խոսել: 

Կայուն զարգացման դասական սահմանումն այն է, որ եթե շահագործում ես որեւէ ռեսուրս, պետք է այնպես շահագործես, որ ապագա սերունդները նույնպես օգտվեն դրանից: Հանքարդյունաբերության մեջ դա մի քիչ ուրիշ մեկնաբանություն ունի. եթե ընդհանուր նկարագրեմ, ապա  ասեմ, որ մենք կարող ենք անընդհատ խոսել արդյունաբերության, արտադրողականության մեծացման մասին, բայց մենք դրանով մեծ առումով հարց չենք լուծում, այսինքն դա առաջընթաց չի համարվում: Դա կհամարվի ուղղակի արտադրողականության աճ, իսկ առաջընթաց գրանցելու համար մենք պետք է ապացուցենք, որ արտադրողականությունը շատացնելով՝ դա անում ենք ենք բարոյապես ճիշտ: Այսինքն, մենք պետք է ապացուցենք, որ արդյունաբերություն զարգացնելով եւ արտադրողականություն տալով մենք չենք աղտոտում շրջակա միջավայրը, սերունդներին թողնում ենք մաքուր միջավայր, դա անում ենք պատշաճ կերպով: Կայուն զարգացման տեսանկյունից մենք ամեն տարի ցույց ենք տալիս՝ արդյո՞ք մենք բարոյագիտական առումով ճիշտ ենք շահագործում մեր ընդերքը, ճի՞շտ ենք կազմակերպում մեր արտադրությունը եւ այլն՝ թողնելով մեր սերունդներին մաքուր շրջակա միջավայր: Մենք այս հարցերը լուծելու վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում՝ արտադրությունը կազմակերպելով այնպես, որ մենք մեզնից գոհ լինենք: Իսկ դա չափելի է, եւ տեսեք՝ ինչպե՛ս է չափելի. եթե մենք շահագործում ենք ընդերքը եւ մեր աշխատանքները համապատասխանեցնում ենք շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված օրենսդրական խնդիրներին, պահանջներին, աշխատանքային անվտանգությանը, այդ մասը ապահովելով, դրա վրա կանգ չենք առնում, ստանձում ենք պարտավորություն՝ աշխատանքները նաեւ միջազգային չափանիշներին համապատախսանեցնելու եւ դրանով է՛լ ավելի չափելի եւ տեսանելի է դառնում մեր աշխատանքը: 

«Կայուն զարգացում» արտահայտությունը շատ լայն կիրառելի եզր է այսօր ողջ աշխարհում, նամանավանդ հանքարդյունաբերության մեջ եւ դա հենց այն շրջանակն է, որով մենք առաջնորդվում ենք: Բայց այսօր «կայուն զարգացու»մ եզրաբանությունը նահանջ է ապրում, փոխարենը օգտագործվում է   «Բնապահպանական, ընկերային եւ կորպորատիվ կառավարում» (Environmental, social, and governance) հասկացությունը: Դա նույնինքը՝ կայուն զարգացման հիմքն է, որ ընդգրկում է կայուն զարգացման երեք  ուղղությունները: Եւ իրականացնելով բնապահպանական, ընկերային եւ եւ կորպորատիվ կառավարում՝ արդենիսկ կայուն զարգացումն ապահովված է: 

 

-Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, իրականացնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան գործունեություն, միջազգային առումով ավելի հե՞շտ է ձեռք բերում միջազգային գործընկերներ, որոնք գնահատում են առաջընթացը:  

Հանքարդյունաբերությունը  այնքան մեծ բիզնես է, որ գործընկերներն այնպես թե այնպես շատ են: Այսօրվա աշխարհում շատ կարեւոր է, որ գործընկերդ այդ շղթայի մեջ լինի միջազգային կամ գոնե  տեղական չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություն, այսինքն համապատասխանելով այդ չափորոշիչներին, մենք այդ առումո՛վ էլ գործընկերներ ենք ձեռք բերում: 

 

-Սփյուռքը այնքան էլ տեղյակ չէ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նշանակությանը՝ մեր երկրի համար: Այդ առումով ի՞նչ ունեք ասելու Սփյուռքին: 

Ես հանքարդյունաբերության ոլորտում եմ արդեն  ավելի քանի 16 տարի եւ սփյուռքի կողմից մեր հանքարդյունաբերության հանդեպ տարբեր դրսեւորումներ եմ տեսել: Սփյուռքի մի հատված կա, որ Հայաստանին նայում է իբրեւ Դիսնեյլենդի կամ Վոնդերլենդի, նայում է իբրեւ մի երկրի, որտեղ, որտեղ չպետք է լինի հանքարդյունաբերություն: Իմ ուղերձը եւ նաեւ խնդրանքը մեր սիրելի հայրենակիցներին կլինի այն, որ վերանայեն իրենց այդ մոտեցումը: Այդ կերպ նայելով հայրենիքին՝ նշանակում է ընկնել պատրանքների մեջ,  ապրել իրականությունից կտրված: Որպեսզի մենք ունենանք զարգացած երկիր եւ զարգացած տնտեսություն, մենք պետք է ունենանք զարգացած հանքարդյունաբերություն: Շեշտում եմ հատկապես զարգացած բառը, որովհետեւ ժամանակակից, զարգացած հանքարդյունաբերությունը ենթադրում է կայուն զարգացման բոլոր ուղղվածությունների իրականացնում, իսկ դրա կարեւորության մասին արդեն նշել եմ: Այո՛, մեզ պետք չեն հանքավայրեր, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը, այս հարցում ես համակարծիք եմ բոլորի հետ, բայց ես նաեւ վստահ եմ, որ կարելի է կազմակերպել հանքարդյունաբերությունը՝ մաքուր պահելով շրջակա միջավայրը   եւ վստահ, ուղիղ նայելով բոլորի աչքերին՝ կարող եմ ասել, որ մենք կարողանում ենք դա անել: Իսկ մեր սփյուռքահայերի մի հատված կա, որ համակարծիք է ինձ հետ այն առումով, որ մեր պետությունը պետք է ունենա ուժեղ տնտեսություն, իսկ ուժեղ տնտեսությունն ուղղակի կապված է հանքարդյունաբերության հետ: Եւ ես այդ գիտակից հատվածին խնդրում եմ այս հարցերը ավելի բարձրաձայնել սփյուռքի տարբեր շրջանակներում. սփյուռքը բազմաշերտ է, եւ անհրաժեշտություն կա տարբեր խմբերում, տարբեր երկրներում ամեն առիթով միշտ կարեւորել մեր հայրենիքի այս ոլորտը, ողջունել նոր հանքերի բացումը, որովհետեւ նոր հանքը բերում է նոր տեխնոլոգիաներ, նոր գիտելիքներ, նոր փորձառություններ, նոր կարողություններ՝ մեր երկրին, որոնք այսօր անհրաժեշտություն են: Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին չէ խոսքը, միայն դրանով  չպիտի բավարարվենք, եւ մեր պետության ապագան պետք է կառուցենք ուժեղ տնտեսությամբ, ուժեղ կրթությամբ, հզոր բանակով: Այս ամեն ինչն իրար հետ շաղկապված են: