image

Սիրիահայերը Կանադայից վերադառնում են Հալեպ, բայց ոչ բնակվելու նպատակով

Սիրիահայերը Կանադայից վերադառնում  են Հալեպ, բայց ոչ  բնակվելու նպատակով

Մի քանի ամիսների ընթացքում Կանադայում 25000 սիրիացիներ ընդունելու կառավարության քայլերից հետո հայկական կազմակերպություններն ակտիվորեն ձեռնամուխ եղան սիրիահայերի ինչպես փաստաթղթերի կարգավորման, այնպես էլ աշխատանքի, բնակարանային և այլ հարցերի լուծման աշխատանքներին: Դեռ մեկ տարի առաջ այս կազմակերպությունները ընտանիքներին ընդունելու ամենօրյա անընդմեջ աշխատանքներ էին կատարում, այսօր նրանք զբաղվում են միայն փոքրաթիվ գործերով կամ ձգձգվող դիմումների կարգավորմամբ:

 

Հիմա, երբ կառավարությունը սահմանափակել է սիրիացի ներգաղթյալների թիվը, կազմակերպությունները զբաղված են անցած տարիների անավարտ դիմումներին ընթացք տալու աշխատանքներով:  Փախստականների հարցերով զբաղվող Տորոնտոյի գրասենյակը, որին հաջողվեց 2500-2800 սիրիահայերի օգնել հաստատվել Տորոնտոյում, այժմ ավելի հանգիստ պայմաններում է աշխատում: Այս մասին Noranor.ca-ին պատմել է գրասենյակի ատենապետ Աբգար Միրաքյանը:

Լիբանանից դեռ 50 տարի առաջ Կանադա տեղափոխված 77-ամյա Միրաքյանը թոշակառու է, երկար տարիների ծառայությունը հաշվի առնելով՝ նրան առաջարկվել է ստանձնել ատենապետությունը, համաձայնել է ու չի դժգոհում, պատմում է, որ ներգաղթյալ սիրիահայերին տեղավորելու դժվարությունները հիմնականում կապված էին ձմռան շրջանի հետ:«Կառավարությունը վարչապետ Թրյուդոյի խոստումը կատարելու համար էր, որ  աճապարեցավ, այդպիսի բան մը չէր եղած, որ երեք ամսում այսքան մարդ բերեր: Այն ատեն էր, որ դժվարություն ունեցան, և ինչու չէ, հունվարի սկիզբ, դեկտեմբերի վերջավորության տոնական օրեր էին, հյուրանոցները՝ լեցուն, մարդիկ քաղաքեն հեռացած ալ կըլլան, այսինքն՝ ան, որ հովանավորել էր գաղթականին, ամիսներ առաջ ծրագրած էր, ու օրինակի համար կրնա պատահիլ, որ ուրիշ քաղաք մը գացեր էր, արագ ըլլալուն պատճառն էր դժվարությունը»,-պատմում է Միրաքյանը:

 

Այս ամենն արդեն հաղթահարված է, սիրիահայերը ոչ միայն բնակարաններով ու աշխատանքով են ապահովված, այլև համայնքային կյանքի մաս են կազմում, իսկ գրասենյակը զբաղվում է նրանց հարցերով, ովքեր վաղուց դիմել էին, բայց դեռևս Կանադա ներգաղթելու թույլտվություն չեն ստացել: Իսկ ինչն է ուշացման պատճառը, պարզաբանում է.

«Դիմումագրերը այստեղեն վավերացնելեն վերջը կերթան այն քաղաքը, որտեղ գաղթականն է, ուր պետք է որ իրեն հետ հանդիպում ունենան, համոզվեն, որ անձը գաղթականի կարգավիճակ ունի, այն ատեն է, որ վիզան կուդան, այդ ժամանակաշրջանը 1.5-2 տարի կտևե, կախում ունի՝ որտեղ է, Լիբանանեն ամենաարագը կուգա, որ կրնա մեկուկես տարի տևե, Հորդանանեն երկու տարի, եթե Թուրքիա է, քիչ մը ավելի երկար է, տեղական կառավարություններն ալ դերակատար են, որովհետև վիզա պետք է տան դուրս ելլելու»:

Հիմա արդեն թե ներգաղթելու ցանկություն հայտնողների թիվն է պակասել, թե կառավարությունն է դադարել ընդունել, իսկ Կանադայում հաստատված սիրիահայերը, ինչպես հավաստիացնում է Աբգար Միրաքյանը, ինտեգրվել են համայնքային կյանքին, ակտիվ ներգրավվում են մշակութային միջոցառումներում, երեխաներին հայկական դպրոցներ են ուղարկում, հաճախում հայկական եկեղեցիներ, իսկ աշխատանքի խնդիր ունեցողների հազվադեպ կարելի է հանդիպել:

 

Կանադայի քաղաքացիություն չունենալու հանգամանքը որևէ ազդեցություն ունենալ չի կարող, մեծ մասամբ ռեզիդենտի կարգավիճակ ունեն, օգտվում են հավասար իրավունքներից, բացառությամբ ընտրություններին մասնակցելու:

«Քաղաքացիություն չեն առած, պետք է որ ամբողջացնեն ինչ որ պայմաններ ունի Կանադայի կառավարությունը խորհրդարանի որոշումը, կարծեմ 3 տարիե վերջ կրնան դիմել քաղաքացիության, կապրին իբրև իմիգրանտ,  կանադացի քաղաքացիի չափ իրավունքներ կունենա, կրնա երկրի մեջ որևէ տեղ երթալ, ամեն ձև իրավունքներ ունի, այսինքն՝ եթե գործի սկսավ և արձակվեցավ գործեն, անգործության ատեն պետք է որ վճարվի, կրնա դիմել և օգտվիլ»,-պատմում է գրասենյակի ատենապետը:

Վերջին շրջանում, երբ Հալեպում համեմատաբար խաղաղ է, արդյոք տորոնտոբնակ սիրիահայերից եղել են մարդիկ, ովքեր վերադարձել են ծննդավայր: Որևէ ընտանիք բնակվելու նպատակով չի մեկնել:

 

«Վերադարձողներ կան, ոչ թե հոն մնալու տրամադրությամբ կերթան, այլ այնտեղ գործառնություններ ունին, անոնք կարգադրեն, գոնե իրենք այդպես կըսեն, գացողները մեզի տեղյակ կպահեն, որ կվերադառնան, այսինքն՝ որևէ հարց չկա ետ գալու»,-վստահեցնում է փախստականների հարցերով զբաղվող գրասենյակի պատասխանատուն:

 

Իսկ մեկնողները ոչ թե ընտանքիներ են, այլ միայն տղամարդիկ, ովքեր մեկ-երկու ամսով են մնում Հալեպում գնահատելու համար իրենց կորուստների չափը:

«Ընդհանրապես հալեպցիներն են, որ կվերադառնան, հալեպցիները շատ դժվար պայմաններուն մեջ դուրս ելան, գույքերը չկրցան որևէ ձևով եթե կուզեին ծախել կամ բան մը ընել, չէին կրնա, հիմա կրնան երթալ առնվազն տեսնեն, թե ինչ վիճակի մեջ է, ադ նպատակավ կերթան, անպայման վաճառելու նպատակով չեն երթա, պարզապես գիտնալու, թե ինչ վիճակի մեջ է Հալեպը»,-նշում է տորոնտոբնակ սիրիահայերին աջակցող մասնագետը:

 

Իսկ տպավորությունները, որոնցով կիսվում են նախկին հալեպցիները, հուսահատեցնող չեն, վերականգնվող Հալեպը հույս է ներշնչում, բայց ոչ այնտեղ վերադառնալու ցանկություն: