Երեկ երեկոյան Ստամբուլի Հարբիեի շրջանի «Ջեմալ Ռաշիդ Ռեյ» համերգասրահում (CRR) կայացել է սիրիահայ հայտնի երգչուհի Լենա Շամամյանի հերթական համերգը, որով եզրափակվել են երգչուհու հյուրախաղերը՝ Թուրքիայում:
Ինչպես հաղորդում են «Արեւելք»-ի Ստամբուլի աղբյուրները, Լենա Շամամյանը համերգներ է ունեցել նաեւ Անկարայում եւ Բուրսայում: Երեք համերգներն էլ ընթացել են լեփ-լեցուն դահլիճներում, երգչուհին արժանացել է մեծ ընդունելության եւ բարձր գնահատանքի: Նա երգել է ինչպես արաբերեն, այնպես էլ՝ հայերեն երգեր: Ինչպես նշում է մամուլը՝ հանդիսատեսը նրան համարել է տարածաշրջանի ավանդույթները փոխանցող արվեստագետ, որի երգարվեստը հոգեհարազատ է նույն պատմությունն ունեցող ժողովուրդներին:
Լենա Շամամյանը ծնվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, երգել սկսել է հինգ տարեկանից։ Միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր է, նա արեւելյան ջազի հայտնի անուններից է: Արաբական երգերից բացի Լենա Շամամյանը երգում է նաեւ հայերեն երգեր, Կոմիտասի, Կանաչյանի եւ այլ հայ երաժիշտների գործեր բազմիցս ներկայացրել է օտար բեմերում:
Նշենք, որ Լենա Շամամյանի համերգից մեկ օր առաջ Ստամբուլի «Ջեմալ Ռաշիդ Ռեյ» համերգասրահում նշվել է հայ մեծանուն երաժիշտ Արամ Խաչատրյանի 120-ամյակը, ելույթ են ունեցել հայաստանցի երաժիշտներ:
Ստամբուլի համերգին
Ստամբուլի համերգին
Ստամբուլի համերգին
Հանդիսատեսը՝ Ստամբուլում