«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հերթական ծրագիրն է «Սեր Արցախ» բարեգործական նախագիծը, որի շրջանակում Արցախում ծնված յուրաքանչյուր փոքրիկ ստանալու է իր առաջին նվեր-տուփը:
Նախագիծը մեկնարկելու է հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ամերիկաբնակ գործիչ Աննա Աստվածատուրյան-Թերքոթն այն նախաձեռնել է՝ ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված եւ իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության եւ պատասխանատվության։
«Ծրագիրը չպետք է ընկալվի որպես կանոնավոր նվիրատվություն կամ բարեգործական նախաձեռնություն։ Այն ունի այլ նպատակ. կարեւոր է, որ յուրաքանչյուր դոնոր նվիրաբերություն կատարի այն զգացումով, որ տուփն իր սեփական ընտանիքի նոր անդամի համար է»-նշել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը:
Նշվում է, որ նվեր-տուփերում ներառված բոլոր պարագաները բարձրորակ հայկական արտադրանք են եւ ձեռք են բերվում Հայաստանում ու Արցախում: Ընտանիքներին տրվող տուփերում լինելու է գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, խնամքի հիմնական պարագաներ (անձեռոցիկներ, մանկական շամպուն, ջերմաչափ եւ ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաեւ Հայաստանում անհատական պատվերով պատրաստված փափուկ մանկական գրքեր եւ փայտե անիվներով խաղալիքներ: