ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը ներկայացուցած է ներքաղաքական ճգնաժամի յաղթահարման իր պատկերացուցած ելքը: ilur.am կայքին մէջ հրապարակուած անդրադարձը կը ներկայացնենք ստորեւ.
«Վազգէն Մանուկեանն այսօր ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝ ա. ռազմական յեղաշրջումը, բ. Հայրենիքի փրկութեան շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիւ վարչապետի պաշտօնանկութեանը հասնելու ճանապարհը եւ գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրութեան անցկացման անթոյլատրելիութիւնը:
Նա հաշուի չի առնում, սակայն, հետեւեալ հանգամանքները. առաջին տարբերակը բացարձակապէս հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրայ ընդդիմութեան գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականութեամբ: Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկութեան շարժմանը, ապա այն այլեւս ժամանակավրէպ է, քանի որ աւելի քան քառամսեայ հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնութիւնները ցոյց տուեցին, որ այն բացարձակապէս չի վայելում լայն զանգուածների աջակցութիւնը եւ լիովին սպառուած է:
Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկեանի հետ: Ինչու՞. որովհետեւ վարչապետն ու նրա յենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտութեան համար պատասխանատուութիւնից խուսափելուց բացի, առաջնորդւում են ոչ թէ պետութեան ամրապնդման եւ հզօրացման մտահոգութեամբ, այլ բացառապէս իրենց իշխանութիւնն ամէն գնով պահպանելու անթաքոյց մոլուցքով: Համաձայն եմ նաեւ հանրութեան մէջ հնչեցուող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպուած արտահերթ ընտրութիւնների անցկացման դէպքում, նրանք չեն խորշելու վարչական միջոցների համատարած օգտագործումից, ինչի հետեւանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածուել լարուածութեան օճախների: Համոզուած եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմութեան ամենախայտառակ ընտրութիւններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականութեան վերջը կամ երկարատեւ մղձաւանջային գոյատեւումը:
Ուստի թէ՛ պետութեան, թէ՛ ժողովրդի, թէ՛ նաեւ անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անյապաղ եւ ինքնակամ հրաժարականն է եւ Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիութեան իրաւական երաշխիքների ապահովմամբ, նրա, թէկուզ ժամանակաւոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականութիւնները պէտք է դրուեն անկուսակցական փոխվարչապետի վրայ, որն իր չէզոքութեան հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրութիւնների անցկացումը»:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել