ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան շատ արդիւնաւէտ կը գնահատէ Գերմանիա կատարած իր աշխատանքային այցի արդիւնքները։ Ինչպէս կը տեղեկացնէ «Արմէնփրէս»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինեան այս մասին ըսաւ Գերմանիոյ մէջ հայ համայնքի ներկայացուցիչներու հետ հանդիպման ժամանակ։
«Աւարտւում է Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան իմ այցը, եւ ամփոփելով այն, պէտք է ասեմ, որ համարում եմ այն շատ արդիւնաւէտ։ Բաց խօսակցութիւն ունեցանք Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլերի (վարչապետի), նախագահի հետ։ Այցի հիմնական նպատակը՝ փորձել աւելի լաւ հասկանալ մեր գերմանացի գործընկերների հայեացքը եւ ընկալումը Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, փորձել մեր հերթին աւելի հասկանալի եւ ընկալելի դարձնել մեր դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերեալ»,- ընդգծեց Փաշինեան։
Ընդհանուր առմամբ, ըստ վարչապետին, Գերմանիայէն շատ ջերմ տպաւորութիւններով պիտի վերադառնայ։
«Շատ բարեկամական մթնոլորտում են անցել հանդիպումները, այդ թւում՝ Բունդեսթագի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի, Բունդեսթագի Գերմանիա-Հարաւային Կովկաս բարեկամական խմբի հետ հանդիպումները, նաեւ՝ քիչ առաջ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ շատ ջերմ հանդիպումը անցկացրինք։ Նաեւ երէկ Գերմանիայի արտաքին յարաբերութիւնների խորհրդում լաւ հրապարակային հանդիպում է եղել։
Ընդհանուր առմամբ, պէտք է ասեմ (չեմ ցանկանում հետեւութիւններ անել վաղաժամ), բայց մի բան ակնյայտ է, որ երբ որ հետեւում ենք Լաչինի միջանցքի շրջափակումից յետոյ տեղի ունեցած իրադարձութիւններին՝ Եւրոպական խորհրդի բանաձեւերին, նաեւ միջազգային հանրութեան մի շարք մեր գործընկերների յայտարարութիւններին, որոշակի ընկալման փոփոխութիւն կայ մեր տեսակէտների, մեր դիրքորոշումների, մեր խնդիրների նկատմամբ։ Նաեւ մեր երկրի ընկալումը Եւրամիութեան շրջանում էականօրէն փոխուել են»- ընդգծեց վարչապետը։