Փարիզն առաջարկել է հարավային Լիբանանի՝ իսրայելական բանակի հսկողության տակ գտնվող վայրերում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) զինվորներ տեղակայել, այդ թվում՝ ֆրանսիացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al-Akhbar լրատվականը։
«Հրադադարը երկարաձգվել է մինչև փետրվարի 18-ը, որն Իսրայելի ուժերի վերջնական դուրսբերման ակնկալվող ժամկետն է», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն Փարիզում Սիրիայի հարցով միջազգային համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։
Բարոն հավելել է, որ իր երկիրն աշխատել է «այս առաջարկի ձևակերպման վրա, որը կարող է բավարարել Իսրայելի անվտանգության նկրտումները, որը ծրագրում է մնալ ավելի երկար ժամանակով»։
Ավելի վաղ հրեական պետությունը հայտարարել էր, որ ցանկանում է փետրվարի 18-ից հետո իր ուժերը պահել հարավային Լիբանանի հինգ վայրերում։ Ի պատասխան դրա՝ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին կտրականապես մերժել է հարավային Լիբանանում իսրայելական ռազմական ներկայության երկարաձգման հնարավորությունը և ընդգծել, որ լիբանանյան բանակը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի աջակցությամբ կկատարի սահմանին անվտանգության ապահովման խնդիրը։
Փարիզը նման նախաձեռնությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Լիբանանը հրաժարվել է երկարաձգել իսրայելական զորքերի ներկայությունը սահմանամերձ մի շարք շրջաններում։
Ֆրանսիան առաջարկել է թվով 700 զինվոր տեղակայել UNIFIL-ի ֆրանսիական զորակազմից, ինչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հավանություն է տվել:
Լիբանանի կառավարությունը փետրվարի 17-ին կքննարկի Ֆրանսիայի առաջարկը՝ հաշվի առնելով, որ Իսրայելի դիրքորոշումը մտահոգիչ է և սպառնում է նոր ռազմական էսկալացիայով։
2024 թ․ նոյեմբերի 27-ից Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև գործում է հրադադարի համաձայնագիր, որի նպատակն է վերջ դնել շուրջ մեկ տարի տևած անդրսահմանային գնդակոծություններին, որոնք վերածվել էին բաց առճակատման՝ սկսած 2024 թ. սեպտեմբերից։