image

Պատերազմի վիրավորները կօտվեն «էկզոսկելետոն» աջակցող միջոցից

Պատերազմի վիրավորները կօտվեն «էկզոսկելետոն» աջակցող միջոցից

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ:  Նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։

«Էկզոսկելետոնը» ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժումն ապահովելու նորագույն աջակցող միջոցներից է, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության վերականգնմանը, հնարավորություն կտա ինքնուրույն քայլել։ Այն կլինի առավել արդյունավետ, եթե հենաշարժողական խնդրի ի հայտ գալուց հետո երկարատև ժամանակ չի անցել. այս դեպքում վերականգնման հավանականությունն առավել մեծ է:

Հավատարիմ մնալով սահմանած առաջնահերթություններին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ քայլ է կատարում հայրենիքի պաշտպանության համար առողջությունը վտանգած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց կյանքի որակի բարելավման համար։

Աջակցող միջոցի ձեռքբերումը նպատակ ունի բարձրացնել զինծառայողների կարիքին համապատասխան ծառայությունների մատուցման որակը։ Աջակցող միջոցն այս փուլում կտրամադրվի վերականգնողական կենտրոններից մեկին՝ զինծառայողների լիարժեք վերականգնումն ապահովելու նպատակով:

Գրանցած արդյունքների ուսումնասիրությունից հետո կդիտարկվի նաև անհատական օգտագործման տրամադրելու հնարավորությունը: