Հայ նշանավոր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել: Այս տարվա փետրվարին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Մադոնը 33 ժամ (յուրաքանչյուր ժամը մեկ՝ 5 րոպե ընդմիջումով) 59 հայտնի երաժշտական ստեղծագործություն է կատարել: Այս մասին Մադոյանը հայտնում է.
«Սիրելի հայեր
Ս/թ. հուլիսի 25-ին Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակը հաստատեց մայրաքաղաք Երևանում ամիսներ առաջ սահմանված երաժշտական ռեկորդս.
30 տարի է, ինչ բարձր բեմերում եմ. մի ժամանակահատված, որն համընկել է Արցախյան հերոսամարտի ընթացքի հետ:
Իմ այս փոքրիկ հաղթանակը նվիրում եմ մեր մեծ Հաղթանակը կերտող բոլոր ազատամարտիկներին. կենդանի և անմահացած:
Շնորհակալ եմ նաև տարիների նվիրյալ ունկնդիրներիս, ինչ ազգության էլ որ լինեն, իմ արվեստի ճանապարհին ինձ ուժ և անսահման երևակայություն հաղորդելու համար:
Խոնարհվում եմ մեր ժողովրդի պատմության ու գալիքի և, իհարկե, համայն մարդկության հրաշագեղ մոլորակը արարող մեծագույն Ուժի առջև:
Ձեր՝ Նիկոլայ Մադոյան»: