Արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակ, «Հայ ազգային կոնգրես կուսակցության» անդամ Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրել է, որ նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար: «Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում»:
Կարապետյանը հայտնել է նաև, որ որոշել է կասեցնել կուսակցական գործունեությունը պետական ծառայության ընթացքում, քանի որ այդ ծառայությունը «ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ»:
«Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»:
Թեև կառավարության պաշտոնական կայքում դեռևս հրապարակված չէ այս նշանակման մասին որոշումը, կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ որոշումը պատրաստ է և շուտով կհրապարակվի: