image

Նախնական տուեալներով 300-է աւելի անհետ կորած կայ. Արցախցի պատգամաւոր

Նախնական տուեալներով 300-է  աւելի անհետ կորած կայ. Արցախցի  պատգամաւոր

«Արցախում ժողովուրդը խուճապի մէջ է, սոված–ծարաւ փողոցներում լցուած։ Կապի բացակայութեան պատճառով շատ գիւղերից տեղեկութիւն չկայ»։ Արցախի տիրող աղէտալի վիճակի մասին պատմած է Արցախի ԱԺ պատգամաւոր Նելլա Գրիգորեան։ 

«Երեխաներ կան, որ շրջափակման մէջ են գտնւում, ծնողները՝ այստեղ, ոչ մի լուր չունեն նրանցից։ Շատ գիւղեր սպասում են, որ ռուսները կազմակերպեն տարհանումը»,– պատմած է պատգամաւորը՝ նշելով, որ իր թոռնիկի մասին ալ երկար ժամանակ տեղեկութիւն չեն ունեցած, վերջապէս գտած են զայն։

«Իրավիճակը շատ ծանր է։ Երեխաները նկուղներում են։ Լսել եմ, որ օգնութիւն են ստացել ալիւրի տեսքով, բայց ո՞նց հաց թխեն. լոյս, կազ չկայ: Ամէն օր ասում են՝ լոյսը լինելու է, յետոյ ասում են՝ Ադրբեջանը նոր պայմաններ է դնում մեր առաջ։ 30-ից աւելի ծանր վիրաւորներ ունենք, որոնք ամէն օր կարող են մահանալ։ Ճանապարհը չեն բացում, որ նրանց հասցնեն Երեւան, գոնէ փրկեն։ Մեզ անտէր ենք զգում։ Ոչ մի աշխատանք առաջ չի գնում։ Այս ժամի դրութեամբ պէտք է որ թուրքերը յետ քաշուած լինէին, որպէսզի որոնողական աշխատանքներ տանէին, բայց սկսուել է, թէ՝ ոչ, չգիտեմ։ Զոհուածների մարմինները նոյնպէս չեն կարողանում տեղափոխել Երեւան։ Մեծ մասը չի ուզում, որ իրենց երեխաներն այստեղ յուղարկաւորուեն, քանի որ չգիտեն՝ վաղը այստեղ են լինելու, թէ ոչ։ Գոնէ ճանապարհը չեն բացում, որ մարդիկ դուրս գան, հնարաւոր չէ այս պայմաններում մնալ այստեղ»։

Պատգամաւորի խօսքով՝ տարածուող տեղեկութիւններն այնպիսին են, որ իրենց մնալը Արցախ անհնար կը թուայ։ «Ո՞նց կարելի է երեխայ սպանող թուրքի հետ ապրել։ Ասում են՝ երեխաները մի տեղ դպրոց են գնալու, Եվլախում քննարկել են, որ ոստիկանութիւնը պէտք է միացեալ լինի, ո՞նց էք դուք դա պատկերացնում»,– ըսած է Նելլա Գրիգորեան՝ նշելով, որ միայն միջազգային զօրակազմի ներկայութիւնը կրնար ինչ որ չափով անվտանգութեան երաշխիք ըլլալ։

Գրիգորեանի խօսքով՝ նախնական տուեալներով՝ 300-էն աւելի անհետ կորածներ կան եւ մօտ 300 զոհ։

Պատգամաւորը նշած է, որ այս աղէտալի վիճակը չէր ըլլար, եթէ իշխանութիւնները բնակչութիւնը նախապատրաստէին յարձակման։

«Փաշինեան, մեզ մենակ ես թողել մեզ, չես էլ զգուշացրել, գոնէ դպրոցականները այդ օրը դպրոց չգնային։ Երեխաների՝ դպրոցից գալու ժամանակ է եղել յարձակումը, գոնէ հնարաւոր չէ՞ր զգուշացնել, որ հրետակոծութիւն է լինելու»,– վրդովուած ըսած է պատգամաւորը։

 

Լուրը՝ NEWS.am-էն: