image

Միսաք Մանուշյանի բանաստեղծությունը՝ Վահան Թեքեյանին

Միսաք Մանուշյանի բանաստեղծությունը՝ Վահան Թեքեյանին

Ֆրանսիայի Ազգային Պանթեոնում վերահուղարկավորված Միսաք Մանուշյանի մասին շատ գրվեց այս օրերին. Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի ազգային հերոս լինելուց բացի նրա մասին գրում եւ խոսում են նաեւ իբրեւ բանաստեղծի, որը խոր ներաշխարհով տարբեր ոճերի բանաստեղծություններ էր գրում: Մանուշյանը, իսկապես, քնարական, քաղաքական, հայրենասիրական թեմաներով բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ է, ունի հրատարակված  գրքեր, իսկ նրա բանաստեղծությունների մի մասն էլ լույս է տեսել սփյուռքահայ մամուլում:

1934-ին Փարիզի «Անահիտ» հանդեսում տպագրվում է Միսաք Մանուշյանի բանաստեղծությունը՝ նվիրված Վահան Թեքեյանի 40-ամյակին: Բանաստեղծությունից կարելի է զգալ, որ  Թեքեյանն ազդեցություն է ունեցել Միսաք Մանուշյանի վրա, փորձելով վերլուծել թեքեյանական բանաստեղծական աշխարհը,  Մանուշյանը Թեքեյանին անվանում է «անլուծելի առեղծված : 

 

 

Վահան Թէքէեանին

(Իր քառասնամեայ յոբելեանին առթիւ)

Համեստ, խոնարհ, մերթ երկչոտ  անձերու պէս կը քալեն

Ամբոխին մէջ մըտածման, բառերն իղձիդ ետեւէն.

Կը հետեւիմ ես անոնց, հետաքրքիր, ակընդէտ,

Ու կը գտնեմ միտքս յանկարծ մտքիդ սեմին լուսաւէտ…: 

Երբոր կ՚ըղձամ ես լըսել սրտիդ լարերն այլազան,

Պատկերներով պարզ ու հեզ կը բացատրես, մեղմաձայն, 

Մտքին, կեանքին յարաճուն ինչուները ծարաւի…

Ու Սոկրատի մաքրափայլ հոգին քու մէջ կ՚երեւի: 

Մերթ խանդավառ, մերթ երկմիտ զարմանքներով պաշարուած՝ 

Ինձ կը թըւիս դուն յաճախ անլուծելի առեղծուած, 

Բայց երբ ըզքեզ կը պեղեմ, դուն միշտ մանկան մ՚ես նըման. 

Որ Աստուծոյ մ՚է յանձներ իմաստն իր մարդ գոյութեան… 

Դու խորիմաց մարգարէ՝ փորձառութեամբ ներդաշնակ՝ 

Կը կարեկցիս մարդերու երազանքին անպարփակ, 

Երբ Անհունին տիրանալ կը յաւակնի յաւիտեան, 

Բայց անգիտակ դուն քեզի, կը դիմես այդ խենդութեան: 

Տարիներուն անողոք ձեռներն ի՛նչ փոյթ թէ գրկեն.

Ձըմեռներու դարպասին տանին մարմինդ յամրօրէն.

Դարու ժըլատ, հեստ ոգին գլխիդ դըրեր է դափնին

Ու կը յանձնէ վաստակներդ անմահութեան տաճարին…: 

ՄԻՍԱՔ ՄԱՆՈԻՇԵԱՆ

Փարիզ, 28 Յունուար, 1934