image

Միջազգային ճանաչում ունեցող Հրայրի առաջին ցուցահանդեսը՝ Հայաստանում

Միջազգային ճանաչում ունեցող Հրայրի առաջին ցուցահանդեսը՝ Հայաստանում

Լիբանանահայ նշանավոր գեղանկարիչ Հրայր Դիարբեքիրյանը (Հրայր Տիարպէքիրեան, արվեստի աշխարհում հայտնի Հրայր անունով) վերադառնում է իր արմատներին՝ առաջին անգամ ցուցահանդես բացելով հայրենիքում՝ վեց տասնամյակ շարունակվող համաշխարհային ճանաչումից հետո։  

Ցուցահանդեսի կազմակերպիչը «Երեւան Բիենալե Արվեստի Հիմնադրամ»-ն է (YBAF), որի նախաձեռնությամբ շաբաթ, դեկտեմբերի 13-ին Երեւանի Latitude Art Space ցուցասրահում կբացվի «Արեւ» խորագրով ցուցահանդեսը։ 

Ինչպես հայտնում են կազմակերպիչները՝ Հրայրի բնորոշ ոճը՝ ուժի եւ վեհության լեզուն, նրան բերել է միջազգային լայն ճանաչում՝  դարձնելով իր սերնդի ամենահայտնի արվեստագետներից մեկը։  

Բեյրութից, որտեղ ծնվել է Հրայրը, նկարչի ստեղծագործական ուղին արվեստի  քարտեզով տարածվել է ամբողջ աշխարհով՝ Փարիզ, Մոսկվա, Աբու Դաբի, Սան Պաուլո, Բուենոս Այրես, Լոս Անջելես եւ շատ այլ  քաղաքներ։ 

Հրայրի նոր ցուցադրության թեման՝ «Արեւ»-ը, մշտական խորհրդանիշի պես երեւում է նրա ստեղծագործություններում։ 

Ցուցադրությունը ներկայացնում է  նկարչի 24 նոր ստեղծագործություն, որոնք ընդգրկում են  Հրայրի աշխարհը՝ խիտ դեկորատիվից մինչեւ ազատ ու ժեստային։ 

Ինչպես տեղեկացանք՝ ցուցահանդեսի բացմանը Հրայրը տեղում կնկարի՝ դասական երաժշտության հնչյունների ներքո՝ հնարավորություն տալով ներկաներին մոտիկից տեսնել իր ստեղծագործական գործընթացը՝ էներգիան, սրընթացությունը եւ զգացմունքայնությունը։ 

Ծնված աշխատանքը նույն երեկոյան կներկայացվի աճուրդի։

Հրայր Տիարպէքիրեան (ծն. 1946, Բեյրութ) վաղ տարիքից հաստատել է իր դիրքը Լիբանանի  ժամանակակից արվեստի դաշտում։ Նրա բացառիկ տաղանդը նկատվել է «Սուրսոք»  թանգարանի «Աշնանային սրահում», որտեղ արվեստաբանները բնորոշել են նրան որպես հայտնություն։ 

18 տարեկանում Հրայրն արժանացել է մի շարք բարձր պարգեւների, այդ թվում՝ Ոսկե մեդալի՝ Նախագահական պալատի գորգերի էսքիզների համար։ 

Տասնամյակների ընթացքում Հրայրը ձեւավորել է տեսողական լեզու, որը միավորում է՝ հայկական միջնադարյան ձեռագրերի լուսանցքազարդերը, բյուզանդական սրբապատկերների խստությունը, փյունիկյան պատկերագրության առասպելական ուժը, եվրոպական մոդեռնիզմի դինամիզմը։ 

Այս ազդեցությունները ձեւավորել են մի ոճ, որը միաժամանակ նախնական է, շքեղ ու կենդանի։ 

Հրայրի աշխարհում կենտրոնական տեղ ունի ձին՝ նրա ողջ կյանքի խորհրդանիշը՝ իբրեւ վեհության, վարպետության եւ ազատության նշան։ 

Արվեստագետ Հրայրի աշխատանքները պահվում են հեղինակավոր մասնավոր հավաքածուներում՝ այդ  թվում՝  Եղիսաբեթ II թագուհու,  Ֆահդ բին Աբդուլազիզի, Ժակլին Քենեդի Օնասիսի, Քըրք Դուգլասի եւ բազմաթիվ այլ նշանավոր հավաքորդների մոտ։ 

Հայաստանյան առաջին ցուցադրությունը է հնարավոր դարձել արվեստագետի երկարամյա ընկեր Լուսինե Թոփալյանի նախաձեռնությամբ, որի ջանքերով Հրայրի աշխատանքները վերջապես  ներկայացվում են  պատմական հայրենիքում, որին իր էությամբ եւ ոգով ամուր կապված է նկարիչը։ 

Ցուցահանդեսը Latitude Art Space ցուցասրահում կգործի մինչեւ  2026 թվականի հունվարի 18-ը (Հասցե, Երեւան, Աշտարակի մայրուղի 7/1)։