Վերջերս Արցախի Խաչմաչ գյուղում ավարտվեցին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմում դեր ունի նաեւ արձակագիր, դրամատուրգ, դերասան Էլֆիք Զոհրաբյանը: «Արեւելք»-ը հարցազրույց ունեցավ Վանաձոր քաղաքում բնակվող երիտասարդ արվեստագետի հետ:
-Ի՞նչ դերով եք հանդես եկել «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմում:
-Ֆիլմում հանդես գալու հրավերը ստացել եմ կինոռեժիսորի կողմից: Արտաքին տվյալներիս պատճառով (կամ շնորհիվ) արդեն 4-րդ անգամն եմ ստանձնում օտարազգի ներկայացուցչի դեր: Իմ դերը, որն առնչվում է գլխավոր դերակատարներից մեկին` Սոս Ջանիբեկյանին, ռուս զինվորականի կերպար է: «Գարեգին Նժդեհ»-ում ունեցածս դերակատարումից հետո սա բոլորովին այլ կերպար կլինի:
-Ինչպիսի՞ ֆիլմ է ստացվել:
-Նախքան պրեմիերիան չեմ կարող խոսել այդ մասին, բայց կարող եմ ասել` հիացած եմ Ջիվանի կազմակերպչական ձիրքով և դերասանների հանդեպ մեծագույն ուշադրությամբ: Աշխատանքը հետաքրքիր էր ու բարդ: Հանդիսատեսը ֆիլմը տեսնելու հնարավորություն կունենա 2016-ի մայիսին:
-Անմիջական շփման մեջ եք թատերական ուղին ընտրած ուսանողների հետ, հանդիպումներ եք ունենում նաև բուհերում: Իսկ ինչքանո՞վ եք կարևորում կենդանի հաղորդակցությունն արվեստագետի և արվեստասերի միջև:
-Կենդանի շփումը շատ կարևոր է: Այդ շփման միջոցով հանդիսականը հանդիպում է իր ժամանակի ակտիվ ու տաղանդավոր արվեստագետներին, հարցեր տալիս, բանավիճում, սիրահարվում կամ, գուցե` հիասթափվում: Մեկ էլ տեսար՝ այդ արվետագետներից մի քանիսը մնան` որպես ժամանակի էսթետիկական արժեք կրող անհատականություններ:
Իսկ հանդիպումները բուհերում ուսանողներն են կազմակերպում: Իմ պարագայում շատ հաճախ չի լինում, լինելու դեպքում էլ հետաքրքիր են անցնում, ոչ նման այն տաղտկալի հանդիպումներին, երբ ամբիոնի մոտ երկար-բարակ ճառում են, անհետաքրքիր հարցեր ուղղում կամ տանում դեպի կենցաղային դաշտ: Ինչպես ֆիլմում, այստեղ էլ` ամեն վայրկյանը պիտի լցնես ու պահես գրավչությամբ:
-Դասավանդում եք Հայաստանի թատերական գործիչների միության Լոռու մարզային բաժանմունքին կից գործող դրամատիկական ստուդիայում: Ինչպե՞ս եք տեսնում նոր սերնդին:
-Ստուդիայի սաների առաջին քայլերում առայժմ հաջողություններ եմ տեսնում: Ինքս էլ փորձում եմ օգնել, որպեսզի անհատականություն դառնան: Հատկապես որ, գրեթե ամեն տարի, բարձր միավորների շնորհիվ` նրանք կարողանում են զբաղեցնել թատերական բուհերի անվճար տեղերը: Ընդհանրապես, երիտասարդ արվեստագետի ապագան լուսավոր, բայց` փշոտ եմ տեսնում:
-Մեր հասարակության մշակութային հետաքրքրությունը ինչպե՞ս եք գնահատում:
-Դրական շարժ կա այդ առումով: Ե՛ւ որպես գրող, և՛ որպես դերասան կարող եմ հավաստել, որ դահլիճները հիմնականում լեցուն են: Մարդիկ ավելի ակտիվ են դարձել, օնլայն տարբերակով են կարդում, հաճախ գրում են իրենց տպավորությունների մասին: Մի կարևոր կորիզ կա, որ պահում է մշակույթը, հետաքրքրվում է արվեստով ու լի է կյանքով: Իսկ հասարակության մի շերտ էլ ապրում է ուտելու համար՝ ստրկացած վաղանցավոր զվարճանքներին ու փողին:
-Ինչպե՞ս է ապրում այսօրվա երիտասարդ արվեստագետը:
-Ես ապրում եմ մեր ժամանակների ուրախություններով ու ցավերով: Սիրում եմ կյանքը, մարդիկ առանձին-առանձին հրաշք են թվում: Ժամանակս օգտագործում եմ հնարավորինս ողջախոհ, երբեմն ծիծաղում` «Ամեն ինչ սին է» հոռետեսական եզրահանգնման վրա: Միայն ու միայն փողն է, որ հայ երիտասարդին բռնի կերպով իր կողմն է քաշում: Եթե հայ արվեստագետը նյութապես ապահովված լինի, շատ ավելին կարելի է սպասել նրանից: Հայաստանն, այսօր, արժանավոր զավակներ ունի:
Մարջան Չոբանյան