Դադոյեաններու ընտանիքին մէջ աւագ որդիի՝ Սարգիսի զոհուելէն ետք դարձեալ ուրախութիւն է։ 24 Օգոստոսին ծնած է Դանիէլը։
«Մեր դէմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել, նոր-նոր ենք զգում, որ մի փոքր մեղմացել է մեր ցաւը։ Մեր կեանքն իրօք փոխուել է, ու բոլորին եմ ցանկանում, ում տանը, որ նման բան է եղել, թող ամէն մէկի տնից ճիչը լսուի։ Ես գիտեմ՝ ինքը վերածնուել է, ու ինքը շատ նման է ախպորը»,- NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ պատմած է Սարգիսի Դադոյեանի մայրը՝ Կարինէ Յակոբեանը։
20-ամեայ Սարգիսը 2019 թուականի ամռան ծառայութեան անցած էր Ճապրայիլի զօրամասին մէջ։ 27 Սեպտեմբերի առաւօտեան՝ երբ սկսաւ պատերազմը, ան հերթապահութիւն կ'իրականացնէր դիրքերուն մէջ։ Քանի մը օր անց Սարգիսին տեղափոխած էին Հադրութ, ապա՝ Մարտունի։
«Հադրութում էլ երկու տեղից վիրաւորել էր Սարգիսը, իրան ասել էին գնանք հոսպիտալ (հիւանդանոց), չէր գնացել, ասել էր՝ ընկերներիս մենակ չեմ թողնի, այդպէս ընկերների հետ մնացել է, յետոյ նորից ետ են գնացել Մարտունի»,- պատմած է Սարգիսի հայրը՝ Արամ Դադոյեանը։
Վերջին անգամ ընտանիքի հետ Սարգիսը կապուած էր 9 Նոյեմբերի առաւօտեան։ Մօրը հարցուցած էր՝ լուրերէն ի՞նչ կ'ըսեն, պատերազմը ե՞րբ պիտի աւարտի։
«Գրադ էին գցել իրենց մօտ, իրենց զէնքերն էր ջարդուել, զէնք չունէին, ասի՝ հրամանատար չկա՞յ ձեզ մօտ, նոր զէնքեր բերեն ստացէք, ասել էր՝ ասել ենք, չգիտենք։ Վերջին օրուայ խօսակցութիւնն դա է եղել մեր զրոյցը, ու էլ կապն անջատուել է, չենք իմացել՝ ինչ ա եղել դրանից յետոյ»,- յիշած է Արամ Դադոյեանը։
Դեռ 2017 թուականին Սարգիսը երազին մէջ տեսած էր իր ճակատագիրը։
«Մամ ասաց՝ երազ եմ տեսել, ես պիտի գնամ ծառայութեան, պատերազմ պիտի լինի, թուրքն ինձ կը խփի, ես կը զոհուեմ ու դու նոր երեխայ կ'ունենաս, ասացի՝ Սաք, այդպիսի բան մտքովդ չանցնի»,- նշած է Սարգիսի մայրը։
9 Նոյեմբերին՝ երբ Սարգիսը զոհուեցաւ պատերազմի աւարտէն մի քանի ժամ առաջ, արդէն պարզ էր, որ անոր երազը մարգարէական էր։ Այդ օրէն սկսած Դադոյեանները կը սպասէին Դանիէլին։