«Ժողովուրդ» օրաթերթը կը գրէ. « «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւնների համաձայն՝ Հայաստան ներմուծուած 1 տոննա կոկաինի դէպքով ԱԱԾ-ն դուրս է եկել մեծ շղթայի հետքի վրայ, որում ներգրաւուած են ինչպէս արտերկրում, այնպէս էլ Հայաստանում ապրող քաղաքացիներ։
Իրաւապահ համակարգում կասկածներ կան, որ Հայաստան ներմուծելու գործընթացը հովանաւորուել է խոշոր «տանիքների» կամ բարձրաստիճան պաշտօնեաների կողմից, ուստի կալանաւորումների շարք է սպասւում այդ գործի շրջանակներում: Իսկ թէ ովքեր են ներգրաւուած գործում, կը ներկայացնենք մանրամասներ առաջիկայում։
Յիշեցնենք՝ երէկ ԱԱԾ-ն յայտնեց, որ 2023 թուականի մայիսի 13-ին նախաձեռնուած եւ իրականացուող թիւ 58221423 քրէական վարոյթի նախաքննութեան ընթացքում կատարուած վարութային գործողութիւններով պարզուել է, որ Հայաստանի Հանրապետութիւնում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղող ընկերութեան կողմից Էկվադորում գտնուող ընկերութիւնից պատուիրուած ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետութեան, Իտալիայի Հանրապետութեան եւ Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետութիւն է ներմուծուել Կոկաին տեսակի՝ շուրջ մէկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն եվրո արժողութեան/, որը յայտնաբերուել եւ գտնւում է ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւնում:
Քրէական վարոյթով նշանակուել է դատանիւթագիտական փորձաքննութիւն, կատարուել են հարցաքննութիւններ, տեղեկատուութեան պահանջ է ուղարկուել իրաւասու մարմիններ, հետաքննութեան մարմնին տրուել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերեալ յանձնարարութիւն: Նախաքննութիւնը շարունակւում է»: