Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Մարսելի համազգային դպրոցի, Փարիզի «Սուրբ Մեսրոպ» Արաբյան դպրոցի և դպրոցասեր միության վարժարանի աշակերտներին՝ ուղեկցությամբ ազգային բարերար տիար Սարգիս Պետոյանի:
Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց ձևավորված գեղեցիկ ավանդույթի առիթով, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին Ֆրանսիայում գործող հայկական վարժարանների սաները ամեն տարի այցելում են Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նորին Սրբությունը կարևորեց նմանօրինակ այցելությունները հայրենիք, որոնք հնարավորություն են ընձեռում պատանի հայորդիներին հաղորդ դառնալու հայրենի իրականությանը, ծանոթանալու հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին՝ զորացնելով իրենց հավատն ու ազգային ինքնությունը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հորդորեց պատանիներին ջանասիրությամբ շարունակել ուսումը և ձեռք բերած գիտելիքներով, իբրև ազգի արժանավոր զավակներ, օգտակարություն բերել հայ ժողովրդին ու հայրենիքին։
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց բարերարին, վարժարանների տնօրեններին, ուսուցչական անձնակազմին և հոգաբարձուներին՝ Հայաստան և Մայր Աթոռ այցելությունների կազմակերպման համար:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ֆրանսահայ աշակերտներին: