«2021թ․Օգոստոսի 5-ի առաւօտեան «Panorama.am» լրատուական կայքի ֆոթոթղթակից Լիլիան Գալստեանի մուտքն Ազգային ժողով արգելուել է: Աւելի ուշ յայտնի է դարձել, որ նա առհասարակ զրկուել է խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու հնարաւորութիւնից։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորեանը խմբագրութիւն ուղարկած նամակում տեղեկացրել է, որ լուսանկարիչն իր մասնագիտական գործունէութիւնն իրականացնելիս խախտել է «ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շէնքում գործող կանոնները հաստատելու մասին» ԱԺ նախագահի որոշման յաւելուած 1-ի 2.8 կէտը, ըստ որի՝ արգելուում է պահպանուող կառոյցի տարածքում, այդ թուում՝ հսկիչ անցագրային կէտերում, պահպանութեան ծառայութեան աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունէութիւնն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։
Խմբագրութիւնն իր հերթին նշում է, որ լուսանկարներից մի քանիսն իսկապէս արուած են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, սակայն պահպանութեան ծառայութեան աշխատակիցները, որոնք, ըստ ԱԺ ղեկավարութեան, դէմքը թաքցնելու խնդիր ունեն, փաստացի, բաց դէմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացուում է ուղիղ հեռարձակում։
Մենք՝ ներքոստորագրեալ լրագրողական կազմակերպութիւններս, խստօրէն դատապարտում ենք խորհրդարանի ղեկավարութեան կողմից այս շաբաթուայ սկզբից լրագրողների դէմ կիրառուող կամայականութիւններն ու անհիմն սահմանափակումները եւ վերահաստատում ենք Օգոստոսի 3-ի յայտարարութեամբ արտայայտած մեր խոր մտահոգութիւնները։ Վերջին շրջանում խօսքի ազատութիւնն ու ԶԼՄ-ների գործունէութիւնը խոչընդոտող որոշումների եւ օրէնսդրական նախաձեռնութիւնների տարափն ակնյայտօրէն խաթարում է իշխանութեան եւ լրատուամիջոցների միջեւ քաղաքակիրթ յարաբերութիւններ հաստատելու հնարաւորութիւնները։ Եւ քանի դեռ այդ յետադիմական նախաձեռնութիւնները չեն չեղարկուել, մենք դրանք համարելու ենք ոտնձգութիւն մեր գործընկերների իրաւունքների նկատմամբ։
Ելնելով վերոգրեալից՝ Ազգային ժողովի ղեկավարութիւնից պահանջում ենք․
- անյապաղ վերականգնել «Panorama.am» լրատուական կայքի ֆոթոթղթակից Լիլիան Գալստեանի իրաւունքը՝ մտնելու խորհրդարան եւ լուսաբանելու ԱԺ աշխատանքները,
- չեղարկել կամ ետ կանչել վերջին օրերին ընդունուած կամ շրջանառութեան մէջ դրուած՝ լրագրողների գործունէութիւնը սահմանափակող որոշումներն ու նախագծերը եւ ձեռնպահ մնալ նմանատիպ նոր նախաձեռնութիւններից,
- մէկ փաստաթղթում ձեւակերպել խորհրդարան-լրատուամիջոցներ յարաբերութիւնների բոլոր խնդիրները, լայն քննարկումներ կազմակերպել ԱԺ-ում հաւատարմագրուած լրագրողների, ինչպէս նաեւ շահագրգիռ կառոյցների ու փորձագէտների մասնակցութեամբ՝ օրինական ու ողջամիտ լուծումներ մշակելու համար։
ԽՕՍՔԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷ
ԵՐԵՒԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵՏԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԵԴՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԷԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՅԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՅԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻՏԱ» ՀԿ