image

Լեւոն Արոնեանէն ահազանգ. 120 հազար հայեր շրջափակման մէջ են

Լեւոն Արոնեանէն ահազանգ. 120 հազար հայեր շրջափակման մէջ են

Ճատրակի Ողիմպիականի եռակի ախոյեան, աշխարհի բաժակակիր Լեւոն Արոնեան (ԱՄՆ) ընկերային ցանցերու մէջ կատարած գրառումով անդրադարձած է Ատրպէյճանի կողմէ Լաչինի միջանցքի փակման։

«Մինչ ամբողջ աշխարհը պատրաստւում է ձմեռային տօներին, այս պահին Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայեր արդէն 10 օր շրջափակման մէջ են։ Նրանց գոյութիւնը սպառնալիքի է ենթարկւում Ատրպէյճանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։

2020 թուականի 44-օրեայ պատերազմում Հայաստանը կրել է ահռելի կորուստներ։ Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ռուսաստանի ստորագրած խաղաղ համաձայնագրում մատնանշւում է, որ ճանապարհը բաց կը մնայ եւ կը սպասարկի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց հիմա Ատրպէյճանի «բնապահպան ակտիւիստները» ծաղրի են ենթարկում ռուս խաղաղապահներին՝ տարբեր վրաններով փակելով ճանապարհը։

Մինչ տարբեր կազմակերպութիւններ դատապարտում են Ատրպէյճանի այս սադրիչ գործողութիւնները, ժամանակը գնում է, երեխաները չեն կարողանում վերադառնալ տուն, հիւանդանոցները զրկուած են անհրաժեշտ մատակարարումներից, սննդամթերքի պակասն ալ անխուսափելի է։

Կոչ եմ անում բոլորին, ովքեր ի զօրու են օգնել իմ հայրենիքին, տարածել այս ուղերձը եւ գտնել ուղիներ օգնելու մարդկանց, որոնք մեծ կարիքի մէջ են»,- գրած է Արոնեան։