image
Հրատապ լուրեր:

Կործանվում է աշխարհի հնագույն ժառանգությունը. հայ գիտնականները դատապարտում են

Կործանվում է աշխարհի հնագույն ժառանգությունը. հայ գիտնականները դատապարտում են

Մերձավոր Արեւելքում   տեղի  ունեցող  պատերազմական գործողություների հետեւանքով ոչ միան հազարավոր մարդիկ են զոհվում, վիրավորվում, քանդվում  եւ փլուզվում են բնակավայրեր, ենթակառուցվածքներ, ճանապարհներ, այլեւ անդառնալիորեն ոչնչացվում են հարյուրավոր  պատմական ու մշակութային արժեքներ, որոնք մարդկության պատմության մի մասն են կազմում, եւ որոնց ոչնչացմամբ  մեծագույն հարված է հասցվում  համաշխարհային մշակութային ժառանգությանը:

Աշխարհում ամեն օր հազարավոր մարդիկ իրենց բողոքն ու ցասումն են արտահայտում այս առիթով, սակայն մարդկային ու նյութական կորուստները, ցավոք, շարունակվում են:

 «Արեւելքն» այս թեմայի շուրջ զրուցեց   ՀՀ Հնագիտության եւ  Ազգագրության ինստիտուտի   Հին   Հայաստանի   հնագիտության  բաժնի  ավագ  գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու  Ինեսա   Կարապետյանի   եւ նույն ինստիտուտի   Հին  Հայաստանի  հնագիտության  բաժնի  ճարտարապետ-հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Ամինիա  Կանեցյանի  հետ:

Ինչպես տեղեկացրին մեր զրուցակիցները` սիրիական պատերազմի հետեւանքով պատմությանը հասցված ամենամեծ    վնասներից  մեկը  համարվում է  715  թվականին  կառուցած  եւ   2013-ին  ամբողջությամբ   գետնին  հավասարեցված   Հալեպի  Մեծ   մզկիթը: Ինչպես հայտնի է`  իսլամիստները  2013-ի   փետրվարին  պայթեցրել  էին   մզկիթի    հարավային  պատը,  իսկ  ապրիլին`  ոչնչացրել   կանգուն  մնացած   պատերը:  5-րդ դարին թվագրվող  «Համայի   ջրանիվները» դարերի ընթացքում   պահպանվել    եւ մեր օրերում   դարձել էին   զբոսաշրջային  կարեւոր  կենտրոն,   սակայն  իսլամիստները  այրեցին  դրանցից  մի  քանիսը»,-նշեց Ինեսա Կարապետյանը, ավելացնելով, որ    Հալեպի  հին  շուկան, որ նույնպես մեծ  արժեք էր ներկայացնում եւ նշանավոր  էր իբրեւ     տարածաշրջանի   ամենահայտնի  շուկան,    ռազմական  գործողությունների  հետևանքով  2012-ի   հոկտեմբերին    ամբողջությամբ   այրվեց:     «Այն  ընդգրկված   էր  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային     ժառանգության  ցանկում`   1986թ.-ից,  եւ   համարվում  էր համաշխարհային ժառանգության` Սիրիայում գտնվող վեց  կառույցներից  մեկը:   Բոլորովին վերջերս էլ  հայտնի դարձավ,  որ  ԻՊ-ը   ավերել  է   Պալմիրա  քաղաքը,  որը  նույնպես   ընդգրկված  է  ՅՈՒՆԵՍԿՕ-Ի   ցանկում»,-ասաց Ինեսա Կարապետյանը, նշելով, որ նույնպիսի մեծ ավերածություններ են կատարվել նաեւ Իրաքում:   

Մեր զրուցակիցը  հիշեցրեց, որ  երբ 2014-ի  ամռան  սկզբին  ԻՊ   զինյալները  գրավեցին  Իրաքի  սահմանը`  ռազմական  գործողություններն   ուղեկցվում  էին    պատմական  հուշարձանների   թալանով  և   ոչնչացմամբ:   «Իսլամիստները  ավերակների  էին  վերածել  հնագույն  պարթեւական   Հաթրա   քաղաքը:   Գրոհայինները   մահակների  եւ  հրազենի  օգնությամբ  ջարդել  էին   հին  քանդակներ  եւ  արվեստի   այլ  նմուշներ,  հատուկ  տեխնիկայի  միջոցով   ամբողջ  քաղաքը  հավասարեցրել էին  հողին:   Փետրվարին  հայտնի  դարձավ,  որ  ԻՊ   գրոհայինները  պայթեցրել    են  Մոսուլի   կենտրոնական  գրադարանը,  ոչնչացնելով  մոտ   10   հազար   գիրք,   այրելով դրանք   գրադարանի  բակում»,-ցավով   նշում  է  հնագետ  Ինեսա  Կարապետյանը:

Մեր այն հարցին, թե միջազգային կառույցները, մանավանդ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի ՞նչ միջոցներ են ձեռնարկում այս կորուստները կանխելու առումով, Ամինա Կանեցյանն ասաց, որ  վերջին  տվյալներով,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն   որոշել  է  գրասենյակ  բացել  Բեյրութում,  որպեսզի  կարողանա ավելի մոտիկից զբաղվել  որոշ կառույցների պահպանման հարցերով, բայց իհարկե, հասկանալի է, որ պատերազմական իրավիճակում անիմաստ են դառնում համընդհանւոր ոչնչացման ենթարկվող քաղաքներում կառույցների պահպանմանն ուղղված  քայլերը:   «ՅՈՒՆԵՍԿՕ-ի   ղեկավարությունն  իր     մտահոգությունն  է   հայտնել  Դամասկոսում  եւ   Հալեպում   քրիստոնեական   տաճարների  ոչնչացման առթիվ:  ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմիցս  կատարվող   դեպքերի  մասին   հարց  է  բարձրացրել   միջազգային  ամբիոններում:   Իսկ  անցած   տարի    կազմակերպությունը   համաշխարհային  ժառանգության  ցանկում   ընդգրկեց  սիրիական   6   հուշարձան»,-  նշեց  Ամինիա  Կանեցյանը:

Մերձավոր Արեւելքի պատմության մի մասն է նաեւ այդ երկրներում հայկական համայնքների թողած ժառանգությունը, եւ հայկական կոթողները նույնպես զոհ են գնում համընդհանուր կործանմանը: Այս առումով մեր զրուցակիցները հիշեցրին 2014-ի     սեպտեմբերի  21-ին    ծայրահեղականների կողմից    ականապատված   եւ  պայթեցված    Դեյր  էլ   Զորի  Սրբոց  Նահատակած  հայկական  եկեղեցին. «Այս   եկեղեցում  ամփոփված  էր    Հայոց  ցեղասպանության   ընթացքում,  Դեյր  էլ   Զորի   անապատում  զոհված   բազմաթիվ  հայերի   մասունքներ,   իսկ   ցեղասպանության  թանգարանում   Հայոց  Մեծ   Եղեռնը   հավաստող   բազմաթիվ  վավերագրեր  կային:    2013-ին էլ իսլամիստները  ոչնչացրին   հայկական   Սուրբ   Խաչ     եկեղեցին,  որտեղ   ապաստան  էին  գտել  արաբ   փախստական  ընտանիքներ:   Հրկիզելուց  առաջ   նրանք  հանել  էին   եկեղեցու   խաչը»,-   նշեց  Ինեսսա   Կարապետյանը:

Ոչնչացված կառույցների թվի մասին մեր հարցին ի պատասխան Ամինիա Կանեցյանը  նշեց, որ որոշակի  քանակ  չի  նշվում,  բայց   դրանք    մի  քանի  հազարից   անցնում  են.     «Ընդ որում` յուրաքանչյուր  կոթող   հազարամյակների  եւ  դարերի  պատմություն  ունի,-նշեց նա:    

Մեր զրուցակիցները նաեւ հայտնեցին, որ միջազգային հնագիտական աշխարհը շատ զգայուն է արձագանքում այս ամեն ինչին.

«Գրեթե,  բոլոր  երկրները  քննադատական   ելույթներով  հանդես  եկան,  եւ   կարծում  եմ,  որ  պետք  է  անհապաղ   միջոցներ ձեռնարկվեն  որպեսզի  կանխվի  այս  ոչնչացումը»,- նշեց  Ինեսա   Կարապետյանը, մտահոգություն հայտնելով, թե  հնարավոր է`  Արեւելքում   կատարվող  դեպքերն անդրադառնան նաեւ Հայաստանի վրա, քանի որ մեր երկիրն աշխարհագրական առումով մոտ է գտնվում այն շրջաններն, որտեղ նրանք իրականացնում են իրենց գործողությունները: «Այդ գործողությունները    կարող  են  անդրադառնալ նաեւ    մեզ վրա,    քանի  որ  աշխարհագրական  առումով     գտնվում  ենք  այնպիսի  դիրքում,  որ  անպայման  ազդեցություն կրելու ենք»,-եզրափակեց Ինեսա Կարապետյանը:  

                                                                                           Ասյա   Գաբրիելյան