28 Յունիսի ժամը 12:00-ի սահմաններուն Ճարտար քաղաքի բնակիչ Վահէ Առստամեանը (ծնած 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչուող տեղամասին մէջ հացահատիկահաւաք հնձամեքենայով հունձ կատարելու ժամանակ, յարակից ատրպէյճանական մարտական դիրքերէն հրաձգային զէնքերով կրակած են հնձամեքենայի ուղղութեամբ։ Այս մասին յայտնած է Արցախի ներքին գործոց նախարարութեան ոստիկանութիւնը։
«Նոյն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գիւղի բնակիչ` Բախշի Ղահրամանեանը (ծնած 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչուող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով (քարշակ) գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, յայտնուել է ատրպէյճանցի զինծառայողների թիրախում։
Վերջիններս մարտական դիրքերից հրաձգային զէնքերով անկանոն կրակել են իր ուղղութեամբ։
Գիւղատնտեսական աշխատանքները դադարեցուել են: Հաղորդումը փոխանցուել է ռուսական խաղաղապահ զօրակազմին»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ։