«Նաեւ 2011 թուականից Ատրպէյճանում ունեն համատեղ արտադրութիւն, այսինքն բերում են մասերը եւ հաւաքում Ատրպէյճանի տարածքում «Aerostar»-ը եւ «Օրպիթա» տեսակի հետախուզական ԱԹՍ-ն: Նշուած ԱԹՍ-ն կարող է մինչեւ 12 ժամ օդում աշխատել: Ստանդարտ, միջին դասի ԱԹՍ է եւ մինչեւ 200-250 քմ կարող է իր արձակման վայրից հեռանալ կամ կապ ապահովել իր հիմնական կայանի հետ»,-ըսած է ան:
Փորձագէտը նկատած է, որ բաւական բարդ է ռազմական սարքի գիները ըսել, որովհետեւ շուկայական գիները խիստ տատանող են. «Բաց աղբիւրների տուեալներով Ատրպէյճանը մէկ միաւորի համար Իսրայէլին մօտ 1,5-2 մլն տոլարի չափ գումար է վճարել, բայց հնարաւոր է գինը տարբերուի, որովհետեւ դա կախուած է առանձին պայմանաւորուածութիւնից»:
Տարօն Յովհաննիսեանի խօսքով, քանի որ Գեղարքունիքի այդ տարածքին մէջ կան բախումներ, եւ Ատրպէյճանի կողմէ յարձակում, ապա ենթադրելի է, որ հայկական կողմը պէտք է համապատասխան գործողութիւններ իրականացնէ, ենթադրենք ինչ-որ տեղեր զէնք, սարքեր կուտակէ, եւ ատրպէյճանական կողմը, ամենայն հաւանականութեամբ փորձեր է առաջին հերթին արձանագրել՝ արդեօք նմանատիպ տեղաշարժեր կ'ըլլան եւ ճիշդ ուրտեղ կ'ըլլան. «Միւսը իրենք կարող էին փորձել ստուգել հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանութեան աշխատանքը: Զուտ ռազմական տեսանկիւնից կարող էր այս գործառոյթները վերապահուած լինէին այդ ԱԹՍ-ի թռիչքին, միւս կողմից սա կարող էր զուգահեռաբար հերթական ագրեսիան իրականացնելու կամ իրավիճակը լարելուն ուղղուած քայլ լինէր»,-ըսած է ան:
Հարցին, թէ արդեօք հեշտ է ԱԹՍ խոցելը, փորձագէտը պատասխանած է. «Բարդ հարց է: Այնպէս չէ, որ հեշտ է կամ դժուար է: Դա կախուած է ՀՕՊ համակարգերից, դրանց տեսակներից, ինչպէս նաեւ ԱԹՍ-ների քանակութիւնից: Օրինակ, արցախեան երկրորդ պատերազմի ընթացքում խնդիրը զգալիօրէն բարդացել էր նաեւ այն պատճառով, որ Ատրպէյճանը օգտագործում էր տարբեր տեսակի եւ մեծ քանակութեամբ ԱԹՍ-ներ եւ այլ թռչող սարքեր՝ օդանաւեր, ուղղաթիռներ: Նշուած դէպքում, իւրաքանչիւր ՀՕՊ համակարգ ունի սահմանափակ հնարաւորութիւններ, միաժամանակ սահմանափակ թիրախ յայտնաբերելու հնարաւորութիւններ: Եթէ դրանից շատ աւել է լինում, գերբեռնուած է լինում օդը, այդ դէպքում բարդանում է ՀՕՊ-ի խնդիրը:
Տուեալ դէպքում հետախուզական տիպի ԱԹՍ-ները, եթէ մանաւանդ քիչ քանակութեամբ են յարձակուում, ապա կարծում եմ՝ բարդ խնդիր չպէտք է լինէր դրանց խոցելը»: