image
Հրատապ լուրեր:

Խրիմեան Հայրիկի սենեակը Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Վանքում

Խրիմեան Հայրիկի սենեակը Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Վանքում

Կորիւն Վարդապետ Բաղդասարեան

Երուսաղէմի հայոց վանքում մինչ օրս պահպանւում է այն սենեակը, որտեղ 1890- 1892 թթ. Խրիմեան Հայրիկը (Մկրտիչ Ա. Վանեցի կաթողիկոս՝ 1892-1907 թթ.) բնակուել է Երուսաղէմում՝ իր աքսորի ընթացքում:

Խրիմեան Հայրիկի կապը Երուսաղէմի հայոց վանքի հետ սկսուել է դեռեւս վերջինիս աշխարհական եղած ժամանակ եւ շարունակուել նրա գահակալութեան տարիներին: Որպէս աշխարհական՝ նա մեծ ցանկութիւն է ունեցել ուխտի գնալ Սուրբ Երկիր, այցելել նրա քրիստոնէական սրբավայրերը եւ ստանալ հոգեւոր մխիթարութիւն: Նրա երազանքն իրականացել է 1850 թ.-ին:

Մինչ այդ Մկրտիչ Խրիմեանն աչքի չէր ընկել գրելու ձիրքով, սակայն, հաւանաբար, սրբավայրերի շօշափելի մերձաւորութիւնը նրա մէջ արթնացնում է ստեղծագործելու նիրհած բնածին ձիրքը: Վանքի խաղաղ առանձնութեան մէջ՝ նա սկսում է գրել «Հրաւիրակ երկրին Աւետեաց» պոեմը, որտեղ «զմանկունս եւ զժողովուրդս հայոց» յորդորում է ուխտի գնալ Երուսաղէմ:

Երկրորդ անգամ Խրիմեան Հայրիկը Երուսաղէմ է գնում որպէս աքսորական: Ouմանեան կառավարութիւնը չի ներում Խրիմեանին Գում Գաբուի ցոյցից (1890) յետոյ Բարձր Դռանն ուղղուած բողոքագիրն ստորագրելու համար: Իրենց «յանդգնութեան» համար Խրիմեան Հայրիկին եւ բողոքագիրն ստորագրած միւս երեք հոգեւորականներին պատժում են:

Ուխտագնացութեան անուան տակ Խրիմեանին ստիպում են մեկնել Երուսաղէմ: Ըստ պատմաբան էմմա Կոստանդեանի՝ դա «Փաստօրէն, կրկնակի աքսոր էր: 1890 թ. Դեկտեմբերից «Արծիւ» Խրիմեանը փակուեց Երուսաղէմում «ճնճղուկի վանդակի» մէջ: Սուրբ Յակոբեանց վանքի վանախցում նա գտնւում էր… պատրիարք Յարութիւն Վեհապետեանի աչալուրջ հսկողութեան տակ»:

Երուսաղէմում Խրիմեան Հայրիկն իր աքսորի օրերն անիմաստ չի անցկացնում: Նա վերախմբագրում է «Հրաւիրակ երկրին Աւետեաց» պոեմը եւ, իր իսկ արտայայտութեամբ, փոփոխութիւններ անում ու բարձրացնում թէ՛ լեզուական, թէ՛ գրական-իմաստասիրական հոգեւոր մակարդակն ու վերահրատարակում պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց տպարանում: Ապա ձեռնարկում է մի նոր գրական ստեղծագործութիւն՝ «Պապիկ եւ Թոռնիկ»-ը, որտեղ, ինչպէս գրում է էմմա Կոստանդեանը, «Աքսորական եւ աստանդական Խրիմեանը, տոչորուելով ճայրենի Վասպուրակա նի կարօտից, իրեն կերպաւորեց Արճակում ծնուած շինական Պապիկի մէջ եւ կեանքի դպրոցում իր տեսածն ու լսածը, իր սովորածն աւանդեց թոռնիկներին՝ հայ երիտասարդներին»:

Ընդամէնը վեց ամիս էր անցել, որ Խրիմեան Հայրիկն աքսորուել էր Երուսաղէմ, երբ էջմիածնից գուժում են Ամենայն հայոց կաթողիկոս Մակար Ա. Թեղուտցու (1885-1891) մահը: 1892 թ. Մայիսի 5-ին նոր կաթողիկոսի ընտրութեանը մասնակցող 72 պատգամաւորները միաձայն Խրիմեան Հայրիկին ընտրում են կաթողիկոս: Երբ ընտրութեան արդիւնքը յայտնում են բակում հաւաքուած հաւատացեալներին, նրանք «խնդութեան ահեղագոչ աղաղակներ» են բարձրացնում: Մաղաքիա Արքեպիսկոպոս Օրմանեանը պատկերաւոր է նկարագրել ընտրութեան օրը. «Օդը ամպոտ էր, եւ յանկարծ ճեղքուած ամպերուն մէջէն արեւի ճառագայթ մը փայլեցաւ, որ իբրեւ երկնային օրհնութեան յաջող նշանակ մեկնուեցաւ եւ խնդութեան աղաղակները կոկնելու առիթ ընծայեց»:

 

Խրիմեան Հայրիկը, որ 1890 թ. Երուսաղէմ էր գնացել որպէս աքսորական, 1892 թ. Օգոստոսի 3-ին այնտեղից մեկնում է էջմիածին, որպէս Ամենայն հայոց կաթողիկոս: Միայն Երուսաղէմում նրան նուիրուած ողջերթի հանդէսները տեւում են տասն օր, իսկ հրաժեշտի օրը Սրբոց Յակոբեանց ողջ միաբանութիւնը նրան ուղեկցում է մինչեւ երկաթուղու կայարան:

Խրիմեան Հայրիկը սիրել է Երուսաղէմի իր «աքսորավայրը»: Իր գահակալութեան տարիներին նա ջանացել է տարբեր միջոցներով նպաստել պատրիարքութեան գործունէութեանը: Նրան մեծապէս մտահոգել է հայ հանրութեանը Երուսաղէմի վանքի մշակութային հարստութեանը ծանօթացնելու գաղափարը: Այդ նատակով նա փորձել, սակայն չի յաջողել համոզել Երուսաղէմի վանական իշխանութեանը՝ վերահրատարակելու «Սիօն»-ը (1866-ից լոյս տեսնող պատրիարքութեան պաշտօնական պարբերականի հրատարակութիւնն ընդհատուել էր 1878-1926 թթ.):

Հայոց պատմութեան մէջ Խրիմեան Հայրիկը միշտ լիշատակւում է դրական լոյսի ներքոյ: Նրա հանդէպ համազգային սէրն ու յարգանքը փոխանցուել են սերնդէսերունդ: Երուսաղէմի հայոց վանքի նրա սենեակը դարձել է իւրօրինակ ուխտավայր թէ՛ վանքի բնակիչների եւ թէ՛ վանք այցելող բոլոր ուխտաւորների համար:

«Սիոն»ամսագիր, 2020 

(Խրիմեան Հայրիկի 200-ամեակի առթիւ)