Վարչապետ Նիկոլ Փաշինեան առցանց գրառումներով մեղադրանքներ հնչեցուցած է ՀՀ նախկին նախագահներու հասցէին եւ անոնց բանավէճի հրաւիրած։ Ի պատասխան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը մէջբերումներ ըրած է Մարք Թուէյնէն եւ Ալպերթ Այնշթայնէն։
Վարչապետ Փաշինեան իր գրառման մէջ, մասնաւորապէս, անդրադարձած է նախկին նախագահներուն՝ օգտագործելով անոնց անուններու սկզբնատառերը։ «ՏՊԼ–ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մէջ ու փախաւ։ ՌՍ–ն Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մէջ ու փախաւ Հայաստան։ ՍՔ–ն աւելի վաղ էր փախել Ղարաբաղից, Լաչինի պոստում հաւաքած մանեթները վայելելու», – գրած է ան։
Նիկոլ Փաշինեանը կասկածի տակ դրած է նախկին ղեկավարներու օրինականութիւնը՝ նշելով, որ «յաղթող նախագահ յորջորջուողներից ոչ ոք ոչ մի անգամ ժողովրդի վստահութեան քուէն չի ստացել»։
«Լսէք, եթէ դուք յաղթանակ էք բերել ժողովրդին, կարո՞ղ էք բացատրել՝ 1996–ից սկսած ընտրութիւնները ինչու՞ էիք կեղծում։ Ինչպէ՞ս կարող էր ժողովուրդը իրեն յաղթանակ բերած առաջնորդներին չընտրել», – հարցադրում ըրած է վարչապետը՝ պնդելով, որ ժողովուրդը կը հասկնար, որ «յաղթանակ չէք բերել, այլ Հայաստանը քաշել էք մի անդունդի մէջ, որից ելք չկայ»։
Գրառման աւարտին Նիկոլ Փաշինեանը նախկին նախագահները բանավէճի հրաւիրած է՝ առաջարկելով հանդիպման վայրը։ «Հիմա էն ասէք, բանավէճի գալու՞ էք, թէ ոչ։ […] Բանավէճը կարող ենք «Երեւան–Կեդրոնի» իմ նախկին խցում կազմակերպել, որ բոլորիդ յարմար լինի», – գրած է ան՝ առանձին հարց ուղղելով առաջին նախագահին այն մասին, թէ «ով եւ ինչ իրաւական ակտով էր թոյլ տուէլ Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից եւ վաւերացումից յետոյ ՀՀ 18 տարեկան զինուորներին տեղակայել ՀՀ միջազգայնօրէն ճանաչուած տարածքից դուրս»։
Վարչապետի գրառումանն արձագանգած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը։ Ան իր դիմատետրեան էջին հրապարակած է երկու մէջբերում՝ գրառումը վերնագրելով․ «Օրուայ խորհուրդը յիմարների կամ իրենց յարմար պահին այդպիսին ձեւացողների հոգեբանութեան մասին»։
Սերժ Սարգսեանի հրապարակած մէջբերումներն են․
«Երբեք մի′ վիճէք յիմարների հետ, նրանք կ՚իջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք յաղթելու շանս ընդհանրապէս չունեք» (Մարք Թուէյն)։
«Միայն երկու բան է անսահման՝ տիեզերքը եւ մարդկային յիմարութիւնը: Բայց առաջինի հետ կապուած այդքան էլ վստահ չեմ» (Ալպերթ Այնշթայն)։