Հայ զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի անձնական իրերը բացառիկ ցուցադրությամբ այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 15։00-ին կներկայացվեն Երեւանի Գրատպության թանգարանում։ Զորավարի իրերը Գրատպության թանգարան կտարվեն «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանից:

Ցուցադրվող իրերի շարքում են Անդրանիկի ծխամորճը, զինվորական կնիքը, նագանը, դաշույնը, հեռադիտակը եւ այլ իրեր։ Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի հետաքրքիր պատմություն։ Կցուցադրվեն նաեւ Զորավար Անդրանիկի ձեռագիր նամակները, գրությունները մի քանի ընտանեկան լուսանկար, որ դեռևս չեն հրապարակվել։

Անգլիայում բուժում ստանալիս Զորավար Անդրանիկն իր ծխամորճը, ի նշան երախտագիտության, նվիրել է բժշկին: Բժշկի ընտանիքը պահպանել է այն, իսկ Երեւան ծխամորճը հասել է ամերիկյան մի կազմակերպության շնորհիվ:

Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկեր, քաղաքական գործիչ Դանուշ Շահվերդյանը ճաշի է հրավիրվում բանաստեղծի տանը, որտեղ հանդիպում է Անդրանիկ Օզանյանին: Նա նկատում է, որ զորավարի հանդեպ վերաբերմունքն առանձնակի է, նրան անգամ հատուկ ափսեով են ճաշը մատուցում: Օրեր անց Դանուշ Շահվերդյանը նորից է այցելում Թումանյանի տուն եւ բանաստեղծի դստերը խնդրում, որ իրեն հյուրասիրեն այն նույն ամփսեով, որով զորավարն էր ճաշում: Այդ օրը քաղաքական գործիչն իր հետ վերցնում է ափսեն ու պահում իր տանը: Տարիներ անց՝ 1995թ. ափսեն Շահվերդյանի ազգականուհին նվիրում է ֆիդայական շարժման թանգարանին:

Նագանը Զորավար Անդրանիկը նվիրել է իր ընկերոջը՝ Պետրոս Հովհաննիսյանին: Տարիներ ի վեր ընտանիքը սրբորեն պահել է հայդուկապետի նվերը: Նագանը թանգարան է հասել Զորավարի ընկերոջ թոռան միջոցով:

Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին Զորավար Անդրանիկը մի քանի օր հանգրվանում է Հովհաննես Թումանյանի Դսեղի տանը: Զորավարը հսկում էր Դսեղի երկաթուղին: Գյուղի բնակիչները նրան դաշույն են նվիրում, որը պահպանվել է եւ հասել Ֆիդայական շարժման թանգարան:
