Լրագրող Շուշան Ղազարյանի զրույցը գրող, Հայաստանի ԳԽ պատգամավոր Հրանտ ՄԱԹԵՒՈՍՅԱՆԻ հետ: «Միտք» շաբաթաթերթ, 1990թ., Երեւան։
(Թերթի և հարցազրույցի միակ օրինակը պահպանվել է հեղինակի անձնական արխիվում)։
- Լրագրողի իմ առաջին պարտքը Արցախի ներկա խնդրին անդրադառնալն է։ Հետաքրքիր է քաղաքականությամբ զբաղվող գրողի կարծիքը։ Ինչո՞վ է պայմանավորված եղել 1921թ․ հայ ժողովրդի մի ողջ հատվածի բռնակցոմը մի այլ հանրապետության։
Մասնավորապես պետք է վերանայել ստալինյան որոշումները։ Երբ ես կարդացի, մտածեցի այդպես բացեիբաց կողոպուտ չպիտի գնար, բանակցման համար ինչ որ արդարացում պիտի ունենային։ Ահա այդ «արդարացված» բանաձեւի մեջ ես հետեւյալ բանը նկատեցի․ «հաշվի առնելով Արցախի տնտեսական հակվածությունը դեպի Բաքու»։ Տարօրինակորեն նույն արդարացումն էին տեսել անգլիացիները նույնպես․ հարցի էթնիկական կողմը նրանց այնքան էլ չի հուզում, հակառակը, կարծես նույնությամբ վերցրել էին երկրի անբաժանելիության քեմալական տեսակետը։ Եւ այն մտավ ստալինյան բանաձեւի մեջ՝ «հաշվի առնելով տնտեսական հակվածությունը»։ Թուրքական բանաձեւի մեջ կար նաեւ աշխարհագրական կողմը՝ մաքուր ազգայնական։ Ազգայնականության մաքրագույն դրսեւորումը Աթաթուրքի հողի անբաժանելիության քաղաքականությունն է։ Վերջերս այն ցոլանքներ տվեց Չինգիզ Հուսեյնովի վեպի մեջ՝ որքան գիտեմ «Լիտերատուրնայա գազետայում» տպված նրա հոդվածից, ուր նա ասել է, թե Ադրբեջանի հողն է կիսված։
Իսկապես, տնտեսական հակվածություն կար դեպի Բաքու։ Ղարաբաղցու ընտանիքի կեսը Բաքվում էր ապրում, կեսը՝ Արցախում։ Թուրքերը կարող էին ասել՝ ինչու քո քաղաքացի պարազիտին մենք կերակրենք, իմ խեղճ գյուղացին պարտավոր չէ քաղաքում ապրող քո ձրիակերին պահի։ Դու Բաքու քաղաքում բանվորություն ունես, քաղաքի քո բանվորությանը թող պահի քո գյուղի գյուղացիությունը՝ որ է Արցախի ժողովուրդը։ Մեր աչքի առաջ տնտեսական այդ հակվածությունը դեպի Բաքու, վերացավ։ Եթե հիշում եք հանդիպման ժամանակ Աղանբեկյանը նույնպես ժխտել է այդ գործոնը, հաղորդակցությունների մերօրյա պայմաններում այն վերացել է։ Իսկապես, Բաքվում ապրող հայ ժողովուրդը համայն հայության մի մասն էր՝ լեզվով, թատրոնով, դպրոցով, կրոնով ու մշակույթով։ Սակայն աստիճանաբար ռուսանալով, նրանք դարձան ռուսական հատվածի մի մաս եւ միասնաբար դարձան սպառնալիք Ադրբեջանի համար։ Շատ ծանր է, երբ քո քաղաքամայրը դառնում է ռուսախոս, քո ազգի գլուխը հայ չի։ Ստամբուլը թուրքալեզու քաղաք չէր, դրա համար ստիպված թուրքական մայրաքաղաք ընտրվեց Անկարան։ Ուրեմն Բաքվում մեր ժողովուրդը ռուսացած էր, այսինքն հայ չէր։ Մեղա եմ Աստծո առաջ, ես էլ այնտեղ ազգականներ ունեմ։ Եւ ուրեմն ռուսացած ժողովրդից նրանք պիտի ազատվեին։ Բայց ես ուրիշ բան պիտի ասեմ։ Բաքվի հայ ժողովուրդը արդեն Ղարաբաղի ժողովրդի անկապտելի մասը չէր, եւ իմպերիան իր ստրատեգիական նպատակների համար նրանց լավ օգտագործում էր։ Եւ Բաքվի հայության վտարումով, թուրքի հարվածը ոչ թե հայության դեմ էր, այլ իմպերիայի դեմ, ռուսական գաղութի դեմ, որովհետեւ հայ, հրեա եւ այլ ազգերը միանալով, դարձել էին միալեզու՝ ռուսալեզու, հզոր գաղութ այդ երկրի սրտում։ Բայց որովհետեւ թուրքերը ռուսից վախենում էին, որ հարվածը հակահարված կբերի, ռուս տարրին չէին կարող խփել, նրանք խփեցին մեր հայ եղբայրներին։ Գաղութը բեկվեց, Ադրբեջանը դատարկվեց հայությունից։ Ահա եւ հայությունն Ադրբեջանից վռնդվեց, տնտեսական գործոնը դադարեց գոյություն ունենալ։ Եւ եթե հիմա այդ ղեկավարության փոխարեն անգամ մարդակեր Ստալինը լիներ՝ իր կոմունիստական նաիվ ուղղամտությամբ, այդ գործոնը հաշվի կառներ ու Ղարաբաղը կտար Հայաստանին։ Բոլշեւիկներն, ահա այս կետում, իրենց դավաճանեցին, իրենց առաջին սերնդի յուրովի շիտակությունը չունեցան։ 70 տարվա մեջ նրանք հարստացան, այլանդակվեցին, դարձան գողեր, դավաճաններ ու դավաճանեցին հայ ժողովրդին։ Այսքան փախստականներ առաջացան, երկրով մեկ տարածվեցին, առաջ բերին իրենց հողի վրա չբնակվող 63 միլիոն ժողովրդի ողբերգություն։ Դա սարսափելի է։ Ուրեմն հարցն այդքանով լուծելի էր։ Չեղավ։
Իսկ այսօր յուրաքանչյուր խնդրի մեջ փակուղի են մատնանշում, փակուղի են առաջնորդում, փակուղի են սարքում։ Սա ուղղակի ագրեսոր է կամ ագրեսորի գործակից։ Այսօր ԽՍՀՄ Կենտրոնը եւ Բաքուն առանց բարոյական որեւէ պլատֆորմի, զուտ զավթողական քաղաքականության մեջ, դաշնակիցներ են։ Եթե մեր մեջ մի քիչ աբստրահման կարողություն մնացել է, կարող ենք հասկանալ, թե ինչ են անում։ Բայց դա շատ քիչ է։ Հզորների քաղաքականոթյուն է։ Հույն-թուրքական պատերազմի մեջ հույների պարտության պատճառն այն էր, որ անգլիական պառլամենտում եւ թուրքական շրջանակներում հարցը երկար կշռեցին եւ որոշեցին խփել թույլ կողմին, որ հարցը շուտ փակվի, թե չէ իհարկե, անգլիացիները եւս իրենց հունական քաղաքակրթության արդյունք էին համարում, նրանց համակրանքը ստույգ հույների կողմն էր, բայց զորեղը թուրքն էր, եւ կրակի օջախը մարել էր պետք։ Այստեղ էլ զորեղը թուրքերն են, եւ Կենտրոնի աջակցությունը նրանց կողմն է լինելու, բայց ոչ այն չափով, որ նրանք Հայաստանի հաշվին զորանան եւ այլեւս խնդիր չունենան Կենտրոնի հետ՝ զինական, գաղափարական եւ այլն։ Դրա համար ես համոզված եմ, Ղարաբաղի գլխից մեկ մազ չպիտի պակասի։ Քանի կա իմպերիան, նա պիտի Ղարաբաղը պաշտպանի ընդդեմ Բաքվի, ընդդեմ մեզ, որպեսզի անընդհատ իր ձեռքին մի բան ունենա։ Փառք Աստծո, որ Ղարաբաղն այնտեղ մենակ չէ, վաղն առաջանալու է թալիշների, լեզգիների հարցը, մամուլում արդեն դրա կայծերը կան։ Ինչպես գագաուզների հարցը, նրանց մասին դեռ երեք տարի առաջ գիտեի։ Այդպես է՝ փոքրերը զորեղներ են փնտրելու, զորեղներն էլ հենց էդ փոքրերին են նկատելու։ Բրեժնեւի տարիներին փոքր ազգեր համարում էին արդեն անհետացող ազգերին, ովքեր իրենցից քաղաքական վտանգ չէին ներկայացնում։ Նրանց մեջ ոչ հայերն էին մտնում, ոչ ադրբեջանցիները։ Մինչդեռ այսօր Ադրբեջանը չորս խնդիր ունի Կենտրոնի հետ կապված։
- Բայց Կենտրոնի դիրքերն այսօր շատ խախուտ են։
Ես կարող եմ շատ ռեակցիոներ թվալ, բայց ամբողջատիրության կործանումը փոքր միավորի համար անհատի ազատության հրաշալի հնարավորություն է բերում։ Դա անվերապահորեն ողջունելի է, բայց տեղական անմարդկային նացիոնալիզմը կարող է գլուխ բարձրացնել, եւ
փակուղու պես մի բան է առաջանում։ Մյուս կողմից, իմպերիան 70 տարվա խաղաղություն է բերում։ Ես Խորհրդային Միության գովքը Բեյրութի առաջին պատերազմի փախածներից եմ լսել, ես իսկական վկան եմ այդ բանի։ Նրանք կոմունիստներ չէին եւ ոչ էլ նրանց համակիրներ։ Բայց ասում էին, որ Խորհրդային Միությունում հանցագործությունը կտրիճություն անունով բացեիբաց շքերթ չի անում, եւ զոհին պարանով մեքենայի ետեւից քարշ չեն տալիս, եւ մեքենայի ապակու ետեւը զոհերի կտրած գլուխներ չեն դնում, կամ վարձու կենդանի թիրախներ չեն դնում բարձրահարկերի կտուրներին եւ ասում՝ կրակիր, ի տես բոլորի։ Այս խելագարությունն այստեղ չկար։ Նրանք ասում էին՝ դուք չգիտեք ռուսական իմպերիայի արժանիքները։ Այս իմաստով ռուսական իմպերիան բերեց այդ խաղաղությունը։
- Բայց մյուս կողմից, այդ իմպերիան քայքայեց համայնքը, գյուղը, գերդաստանով ապրելու մշակույթը, գյուղացուն պոկեց հողից, լցրեց քաղաքներ, գյուղացին գյուղից արմատահան եղավ, քաղաքին էլ չկպավ։
Ողբերգության արմատները շատ պարզ երեւում են։ Ի վերջո ոչ մի գաղափարախոսություն համայն կյանքը չի ընդգրկել, կարճատեւ են եղել բոլորն էլ։ Անգամ իսլամը, քրիստոնեությունը, լայն փիլիսոփայությունները։ Կոմունիստական գաղափարախոսությունն իր բացերով ու մերկությամբ կանգնած էր մեր դեմ։ Բայց այսօրվա ողբերգության արմատները գալիս են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի պատճառից։ Ժողովուրդը ազգայնականացավ եւ ամբողջ աշխարհի հեգեմոն դերը ստանձնեց։ Չխոսենք, թե ինչ գնով այդ հաղթանակը ձեռք բերվեց։ Գաղափարախոսության հեգեմոնիան այստեղ նյութականացավ եւ նյութական զորակցություն ունեցավ։ Սառը պատերազմի տարիներին գլխավորն էլի զենքն էր։ Եւ զինական մրցակցության մեջ ներքաշվեցին ժողովրդի ողջ նյութական կարողությունները, դրանք նետվեցին դեպի սպառազինություն։ Բոլոր ուժերը նետվեցին դեպի տանկերի աշտարակները։ Կուտակեցինք այնտեղ եւ չկարողացանք դիմանալ։
- Պատմության փորձով գիտենք թե հյուսիսային, թե հարավային հարեւանների գործադրած ճնշումներն իրենց շահերի համար, միշտ օգտագործելով մեր երկրի անելանելի վիճակը։ Երկուսն էլ մեզ համար հավասարապես վտանգավոր են այսօր։
Հաճախ ունեցել եմ այն պայծառատեսությունը, որ ոչ մեկն է սարսափելի, ոչ էլ մյուսը։ Չնայած եղեռնի մասին այդքան հուշերին, այդքան գրականությանը, ոչ մեկն է սարսափելի եղել, ոչ մյուսը։ Երեւի այն պատճառով, որ ես հոգով ճորտ չեմ ծնվել։ Դա այն մարդկանց համար է, ովքեր ուզում են համընդհանուր ազատություն բերել, իսկ ազատ մարդու համար խնդիր չկա։ Անցյալի իմ հոգեւոր բռնկումները հիշելով, այնուամենայնիվ, ունեմ իսկապես հարեւանական, բարեկամական, եղբայրական հավասար հարաբերություններ բոլորի հանդեպ, ոչ մեկն ինձ համար սարսափելի չէ։ Եւ մտքիս մեջ անընդհատ գալիս էր Շառլ դը Գոլի եւրոպական ընդհանուր գաղափարը, եւ փառք Աստծո, որ այդ գաղափարը գոյություն ունի եւ այն ուղղակի տեղափոխվելու է այստեղ։ Ժողովուրդների եղբայրական ընտանիք գոյանալու է։ Ես վստահորեն գիտեմ, որ մեր եւ թուրքերի սահմանի արանքում տնտեսական, առեւտրական հարաբերություններ պիտի լինեն։ Անկումներիս պահին ես սարսափում էի հարավային սահմանի լռությունից։ Այդ կողմից քամի չէր գալիս։ Էն ժամանակ սահմանները բաց էին։ Երբ ուզում էին Իսահակյանին դատի առաջ կանգնեցնել, նա Թուրքիայով փախավ։ Այդ սահմանն ինձ համար բաց էր եւ գուրգուրում էի մտքիս մեջ, որ այդ սահմանները փակ չլինեն։ Դա պիտի լինի։ Իմ թեւերը կարճ են գալիս գտնելու ուղին։ Մնում է կողքից մի բարի խոսք լինի։ Չի՞ ասվի, ուրեմն դարձյալ ես եմ՝ հայս, Դոն Քիշոտի խիզախությամբ կանգնած խնդրի առաջ։ Բայց նրանց համար դժվար կլինի, մենք նրանց խոցն ենք, իրենց ցավը։ Այս խնդրի լուծման մեջ թուրքերն ստույգ անելիք ունեն։
- Փոխադարձ համաձայնության, զիջողականության համար, զիջելու բան պիտի ունենաս։ Էլ ինչ պիտի զիջենք, մի ամբողջ երկիր թողեցինք թուրքին։
Փաստն այն է, որ ես այլեւս ոչ մի պարտք չունեմ։ Ես հայ եմ, իմ ազգը ոչ մի պարտք չունի օտարի առաջ։ Երբեմն երախտագիտության խոսք է բարձրանում մեջս վրացի ժողովրդի հանդեպ։ Միջնադարում փրկվել է նա, ով հարել է վրաց պետականությանը։ Հիշենք վրաց-հայկական թագավորությունը, նրանց զորական ուժերը զուտ հայերն են եղել։ Բայց նույնիսկ նրանց մենք պարտք չենք։ Ոչ մի արքունիքի, ոչ մի պետության մենք պարտք չունենք։ Պարսիկն էլ է մեզ պահանջատեր, թուրքն էլ, վրացին էլ, ազերին էլ։ Ըստ այդմ էլ մեր քայլը պիտի լինի, մեր վարքը պիտի լինի գոնե ոչ անմիջական գործողութուններով, այլ դա պետք է լինի յուրականչյուր հայի կերտվածքի, պահվածքի, վարքի մեջ, այդ վստահությունը, այդ շիտակ կերպարը պիտի լինի։
-Չմեռանք գորբաչովյան ժողովրդավարություն ու բացախոսություն էլ տեսանք։ Շատ լավ բան է, իհարկե։ Ձեռքներս մի տեսակ ազատվեց, շունչներս բացվեց։ Բայց ԽՍՀՄ-ում դրա անպարագիծ ընդգրկումն ու սահման չճանաչելու ներկա իրավիճակը, մեկ ուրիշ մտահոգության խնդիր է։ Այն մի տեսակ հիշեցրեց Կարամազովների Մեծ Հավատաքննիչի կանխատեսումը․ «Դուք չեք դիմանալու այդ ազատությանը, եւ այն բերելու եք դնեք իմ ոտքերի տակ ու աղաչեք՝ կառավարիր մեզ»։ Կարո՞ղ է իսկապես, չդիմանանք գորբաչովյան այս «բացախոսություն» ասված իրականությանը։ Ախր մենք սովոր չենք այս ազատությանը։
Դեմոկրատիան տղամարդու ուղեղ եւ հավասար ունեցվածք ունեցող մարդկանց դաշնակցություն է։ Հավասար ուղեղով գալիս, հրապարակում նստում ու խոսում ենք, ասենք՝ առեւտրից։ Երկրի հարցերը հավասար իրավունքով, հավասար ունեցվածքի մարդիկ գալիս, քննարկում են: Դա է դեմոկրատիան։ Կրկնում եմ՝ հավասար ունեցվածքով։ Ունեզրկման քաղաքականություն է գնացել 70 տարի, պատմական խորը թյուրիմացություն։ «Հողը թշնամանք է ծնում, ունեցվածքը թշնամանք է ծնում, պետք է ունեցվածքից զրկել»։ Սա է եղել։ Ունեցվածքից զրկեցիր, ուրեմն նախաձեռնությունն է զրկվում։ Այդ քաղաքականությունը բավականին «հաջողություն» է ունեցել։ «Կոմսոմոլսկայա պրավդայում» երեք տարի առաջ տարիներով վեճ էր գնում։ Զապորոժիեի մոտ երեխաները ձիու քուռակ էին գտել։ Տարել էին գյուղ, մեծացրել էին, ու թերթում երկար բանավեճ էր բացվել՝ էդ մարդն իրավունք ունի՞ էդ ձին պահելու: Սա երկար խոսակցություն է։ Ունեզրկել են, ժողովրդին խորթացրել ապրուստից։ Ես հիշում եմ, թե ժողովուրդն ինչ լացուկոծով մտավ սովխոզները, որովհետեւ կոլխոզը դեռ ունեցվածք էր։ Ճիշտ է, բերքը կողոպտվում, քաղաք էր գալիս, բայց գոնե սանրված արտերն ու խոտհարքերը դեռ ցողունի վրա սերմացուն զտում էին, տարեկանը՝ կտրում։ Աչքներիս առաջ, հետեւողականորեն, կոլխոզից հետո, սովխոզացումով, ժողովրդին զրկեցին ունեցվածքից, եւ ունեցվածքի սովորույթից զրկեցին։ Ժողովրդին դարձրին ընդհանուր գուռից լափող մի բան, եւ ժողովուրդը ոչ մի մեղք չունի։ Նախաձեռնությունը խլել են, եւ նա վարժվել է դրան։ Երեկ նա կարող էր գարի ծեծել, կով ծնեցնել, գիտեր մոթալ պանիր սարքելու բոլոր ձեւերը։ Հիմա ամբողջ պետություններ, գերատեսչություններ են զբաղվում այդ գործն անելու համար։ Հարյուրավոր մասնագետներ՝ անասնաբույժ, անասնաբույծ, կովապահ ու կթվոր, ես ինչ գիտեմ էլ ինչ։ Իսկ էդքանը մի մարդու մեջ կար։ Մարդու միջից էդքան կարողություններ հանեցին ու դարձրին ընդամենը սպառող, այն էլ ձրի։ Եւ այդ անզորացած միավորից ինչքան կարող են, կթում են։ Սա է այս դեմոկրատիան։ Ժողովուրդը կարողություն չունի։ 3-4 տարում ինչպես ենք անցնելու ունեցվածքավոր ժողովրդի, նրա ագահությունը, եղբոր թշնամանքն ինչպես պիտի հաղթենք, իրար հանդուրժենք, որ նոր դուրս գանք հրապարակ։
Այս, ինչ որ եղավ, սադրանք չէր, ինչ որ մեկի արածը չէր։ Անմիջապես վիհն ընկնելուց առաջ, ուղղակի կարողացանք ճանապարհներս թեքել։ Հիմա էլ դժվարություն ունենք, ուղղակի համբերություն է պետք։ Կգտնենք ճամփան։
- Բայց մենք ունեցողության մշակույթ էլ չունենք, խորհրդային մարդկանցից ով ունեւոր է, մաքուր միջոցներով չի հարստացել, գողացել է պետությունից։ Հետեւապես՝ գողության մշակույթը շարունակվելու է նաեւ նոր Հայաստանում։ Մի խոսքով՝ հին գողերին փոխարինելու են գալիս նորե՞րը։
Մանթաշովն ու մյուս մեծահարուստները, ովքեր կանգնած էին մեր մտավորականության կողքին եւ դարձան ուղղակի մեր մշակութային կյանքը սնողները, ավելի մաքուր միջոցներով չէին հարստացել։ Էս մեկն ուղղակի հանդուրժեցինք։ Հիմա մյուսը։ Ասենք, չենք հանդուրժում։ Այդ նախաձեռնող տարրին դուրս հանենք երկրից։ Ուրեմն երկիրը զրկում ես քո ազգային պետականության բաղադրիչ նածաձեռնող տարրից, ինչպես կուլակաթափ անելու ժամանակ Ստալինը եւ կոմունիստները զրկեցին այդ թրթռուն տարրից։ Չհանդուրժել, ուրեմն արյուն է ու քաղաքացիական կռիվ։ Դա անբարոյականություն է, ավելի մեծ անբարոյականություն, քան թե հանդուրժես։ Ուրեմն պիտի հանդուրժես։ Վերջին հաշվով նրանց փորը անտակ հոր չի․․․ Վերջին հաշվով մեր չար վերաբերմունքը մեր աղքատությունից է գալիս։ Մի քանի անգամ հարցազրույցների ժամանակ, իմանալով մեր անհանդուրժող բնույթը, արյան կարոտը, խաբել եմ, թե փառք Աստծո, մեր հեղափոխությունն արյան ճանապարհով չգնաց՝ ստույգ հոտն առնելով եմ ասել։ Քաղաքացիական պատերազմը լենինիզմ է բուրում։ Եւ իմ ու քո նպատակը պիտի լինի նույնը կրկնել, որ չբորբոքվի։ Դա սարսափելի հետեւանքներով է հղի։
- Դուք Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր եք։ Ո՞րն է գրողի անելիքը խորհրդարանում։
Հանդիպումների ժամանակ ես քաղաքական պլատֆորմ չառաջադրեցի։ Մի քիչ ակամա եմ ընկել խորհրդարան, ուղղակի չկարողացա մերժել։ Հանդիպման ժամանակ իմ ընտրողներին մեկ ստույգ բան եմ ասել։ Հիմա սրերն առած երկու կողմից իրար վրա խոյանում են։ Իմ պարտքն ու քաղաքականությունը պիտի լինի սրերը պատյան դնելը։ Կարծես թե հաջողում եմ, քանի որ բնական իմաստնությունը երկու կողմի մեջ էլ կա եւ փառք իմ ժողովրդին, որ ունի այդ հանդուրժումը, որն ինքն իրեն է բարձրանում։ Աբստրահման իմ կարողությունների շնորհը չի, որ անում եմ, ինքն իրեն է բարձրանում։ Մնձուրու գործով, Բակունցի գործով, թեկուզ ամենահեղափոխական Չարենցի գործով՝ թե հանդուրժի։ Հանդուրժման այդ լիցքը երկու կողմերի մեջ էլ կա, եւ իսկապես, փառք Աստծո, որ սրերը պատյանում են պահում։ Վաղը գուցե ստույգ բանաձեւում արվի ու դառնա մեր ժողովրդի վրա ծածանվող կարգախոս, թե մենք բոլորս էլ հայրենիքի զավակներն ենք՝ կեսը ռուսախոս, կեսը ֆրանսախոս, հարուստներ, աղքատներ, մտավորականներ, ճարպիկ առեւտրական, բոլորս էլ հայրենիքի զավակներն ենք, եւ աշխարհում ուրիշ հայրենիք չունենք, եւ այն պետք է գուրգուրենք, պահպանենք մեր երկրի համար։ Չնայած մի փոքր բռնկումներ եղան, կարծես Աթարբեկովի եւ Դովլատովի ժամանակներն էինք վերադառնում։ Բայց նրանց հիշողությունը մեր մեջ այնքան է թարմ, որպեսզի նրանց վիժվածք համարենք եւ նոր վիժվածքներ էստեղ չտանք։
- ՀՀՇ իշխանության հանդեպ արդեն տարակուսանքներ կան, ժողովուրդը շատ շուտ է ուզում զգալ քաղաքական ու տնտեսական փոփոխությունների արդյունքները իրական կյանքում։
Ոչ մեկի կամ ոչ մի խմբի մեղքը չի, որ ղեկավարության հետ այսպիսի բաներ են կապում։ Մեր սրված ուշադրությունը դեպի ղեկավարություն, դիմազրկված ժողովրդի վերաբերմունք է՝ առ ղեկավարություն։ Էդ ժողովուրդը ինքը ոչ ոք էր, երբ մի հայր Ստալին էր այնտեղ նստած։
Մեր գյուղում Այդինյան Խաչիկ անունով մի մարդու, դաշտում, աշխատանքի ժամանակ ասել էին՝ ինչի դու ո՞վ ես, ի՞նչ ես․․․ ասել էին՝ դու ըսկի Երեւան էլ չես եղել, իսկ ես եղել եմ։ Ընկեր Ստալինը որ կա, իմ Մասիս սարն ա։ Էն Քոշաքարը որ երեւում ա, էդ էլ Գրիգորի Արտեմովիչ Հարությունովն ա, ես էլ մի պուճուր քարի կտոր եմ։ Վերցրել, էդ մի պուճուր քարը մի կողմ դրել ու ասել էր՝ ահա էս էլ ես եմ։
Ուրեմն ղեկավարությանն էդքան նշանակություն էր տրվում։ Հիմա էլ էդպես, նույն իներցիայով շարունակվում է։ Երբ ինքը ոչ ոք է, վերեւինը Թեմուր, Լենգ կամ Սասունցի Դավիթը կանի իր փոխարեն։ Զենքը ձեռքից առնված, մաճը ձեռքից խլված ժողովրդի վերաբերմունքն է առ ղեկավարություն։ Իսկ եթե քիթը իր հեկտարի վրա կախած կամ իր անասունի պոչը բռնած գյուղացին է խոսում, իմացեք, որ ուղղակի զրից է անում լոռեցու ասածի պես եւ բացարձակապես պետքը չի։ Նիքսոնն Ամերիկայում լինի, թե չլինի, ամերիկացու բացարձակ պետքը չի, Ամերիկան բազմաթիվ արքաների երկիր է, ամեն մարդ իր տան թագավորն է, տուն, տեղ, ունեցվածք, գործ ունի։ Պատճառը միայն դա է, իսկ սխալներ, իհարկե, կան։
Բայց ճիշտն ասենք, ում էլ դնեին, կսխալվեր, որովհետեւ էնպիսի ցավերի մեջ է հասարակությունը տապակվում, որ վիրաբույժի կարիք կա, որը հրաշք տեղով պիտի փրկի։ Համբերություն է պետք, ժամանակ, որ անի։ Խորհրդարանում իսկապես պայծառ տղաներ կան, եւ ես համակրանքի, սիրո վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ։ Անհայտների մեջ էսպիսի կարողություններ են բացահայտվել։ Վրիպակներ եղել են, էլի կլինեն։ Մասնավոր սեփականության անցնելու հետ ամեն բան իր տեղը կընկնի։ Իսկ մասնավոր սեփականության խնդիրը շատ լուրջ ու դժվար գործ է։ Օրինակ՝ հողը բաժանելու գործը ուղղակի չեմ պատկերացնում։ Ապարանի սարահարթը զուտ երեք ֆերմերի բաժին է, ո՞րը թվեմ։ Ինչպես ենք անելու, որ բոլորն էլ ունեցվածք ունենան, ի՞նչ բաժանում ենք անելու։
Ահա, էս հողի, ունեցվածքի, մասնավոր սեփականության առաջացման պայմաններում, չեմ ասի, թե լիդերների կարիք չի զգացվի։ Կզգացվի, բայց ոչ էապես, ինքն իր հողի տերը կլինի, իր բարիքի տերը կլինի։
- Նորօրյա Հայաստանում արդեն բազմակուսակցության սաղմեր են տարածվել։ Ազգային կուսակցություն ունենալու մասին շատ է խոսվում։ Հայոց կյանքում կա՞ այնպիսի կուսակցություն, որը հանձն առնի իր ուսերին վերցնել հավասարակշռողի, իշխանությանը թիկունք կանգնողի ծանր բեռը։
Արդեն հազար տարի հայը խնդիր ուներ աշխարհի հետ՝ ունենալ ազգային պետականություն։ Ով որ լայն ծրագրով է դնում հայ ժողովրդի փրկության խնդիրը, հենց այդ համարում եմ ազգային։ Ես ինձ քաղաքական չեմ համարում, թերեւս այն պատճառով, որ գրականությունը բոլոր բջիջներով կերել է ինձ։ Ես դարձել եմ թղթի մարդ, բայց որքան ծանոթ եմ, որքան հարաբերվում եմ, դաշնակցության կողմն է իմ համակրանքը, բայց նույնիսկ նրանց ծրագրերը սրբագրելի են։ Իմ կարծիքով, ծրագրի մեջ կանոններ չպետք է լինեն։ Երկրաշարժ է անցել մեր ոտքի տակով, մարդիկ սարսափած փախչում են երկրից։ Էն կուսակցության զինվորը պետք է լինել, ով ավելի շատ մարդկանց փեշ կբռնի ու կպահի։ Էս հողի վրա ժողովուրդը փախուստի մեջ է։ Իրենց մեղքը չի։ Յուրաքանչյուր հայի պարտքը պետք է լինի էն սեւ ամպերը չհավաքել սեւակնած երկնակամարում եւ ժողովրդին տագնապի մեջ չդնել, թե չէ անվստահությունից ամեն մարդ իր գլխի ճարը տեսնում է։ Թեկուզ ճշմարտությունը չբացահայտելով, թեկուզ փարիսեցիությամբ ժողովրդի վրա լույս ցոլել՝ էստեղ ամրացնելու, էստեղ պահելու հնար պիտի գտնել։ Իսկ էն, որ հրապարակներում խոսում են, մեկ մեկ չարացած անվանել եմ՝ «Սեւ բերանների ժամանակը»։ Ամեն մեկը խոսում է, եւ եթե կարծում է, թե իր տեսած իրականությունը հրապարակ նետելով խոսք ասաց, սխալվում է։ Էդքանը կապիկներն էլ կարող են։ Զառանցանք է դա։ Ֆոլկները փառահեղ արել է, գիտենք։ Գրողը, հրապարակագիրը իր խոսքը Աստծո խոսքի հետ հարաբերացնող պիտի լինի եւ ոչ թե իրականությունը նույնությամբ, ուղղակի խողովակի պես հրապարակավ էնտեղից վերցնի, էստեղ դնի։ Դա խոսք չի։ Չգիտեմ, շատ բան ինձ դուր չի գալիս։ Բոլորս բերաններով ենք ծնվում, բայց ոչ բոլորի բերաններն են խոսելու համար։ Շատ քչերին է տրվում խոսելու իրավունք։ Թումանյանի «Անուշը» կարդում ես ու գյուտի հետ ես հանդիպում, մինչդեռ ուրիշը կգրեր ողորմելի մի բան։ Էնտեղ աղջիկ է խելագարվել, ջիվան տղա է խփվել, այնուհանդերձ ժպիտով դուրս ես գալիս ու զգում ես, որ էդ խոսքը Աստծո բերնից եկավ, գյուտի, գեղարվեստի, ամբողջի հետ հարաբերվեցիր։ Ահա, խոսողը միշտ պետք է մտածի, թե որքանով է նա մեզ հարաբարելու ամբողջին, Աստծուն։ Եթե ուժ ունեն, թող հարաբերվեն, եթե չէ, ընդդիմախոսի կեցվածքը ճիշտ չէ։ Եթե բան ունես մտքիդ մեջ ու տակտիկական նպատակներով ես պահում, խնդրեմ։ Բայց բանից պարզվում է՝ դու զուտ ընդդիմախոս էիր։ Սա բանի նման չէ։
- Ձեր գրականությունը փորձել է հողի աշխատավորի, գյուղի ծանր լուծը քաշող գյուղացու կերպարը ստեղծել։ Դա ձեզ հաջողվել է։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հողից խորթացած նույն գյուղացուն նոր Հայաստանում վերադարձնել, ամրացնել հողին։
Իմ գրակաությունը, որ մեծ գրականության մեջ մի կաթիլ է, իսկապես, եթե մի կերպար է ստեղծել, դա աշխատանքի, աշխատողի կերպարն է, եւ քնածների միջավայրում արթուն մարդիկ են իմ համակրանքը շահել։ Ես գիտեի, որ ճահիճ է, մեռնում ենք, ժողովրդի ապրելու բնազդը մարում է։ Իսկապես, նրանք՝ իմ հերոսները, որպես ամբողջ, որպես կատարելություն, առկա են։ Համո Սահյանը փառավոր է ասել։ Առհասարակ, նրա բանավոր զրույցները ինձ շատ բան են տվել։ Դրանք իմ հարստությունն են։ Ես գնացել, դուռն անընդհատ ծեծել եմ, ինքն իր արդարությամբ բացել է։ Մարդը Թումանյանի եղնիկի կամ ձիու նման կատարյալ պիտի լինի։ Ձին միլիոն տարի է, ամբողջական է։ Մարդկանց մեջ հազարից մեկն է կատարյալ։ Ժողովրդին յոթանասուն տարի մեռցրել, սպանել են, նախաձեռնությունը խլել են։ Էս է եղել։ Հիմա նրան իր աշխատանքի տերն ես դարձնում, չես կերակրում, անգամ լքում ես, որ ինքը իր ճարը տեսնի։ Էս ազատությունը ինչ պայմաններում էլ լիներ, դարձյալ կարծարծեր էդ ամբողջ մարդուն։ Բայց քո հարցի մեջ ես մյուս կողմը տեսա։ Դու վախենում ես էն ապագա քաղաք հանրապետությունից, որ Երեւանն է սպառնում դառնալ։ Հողից զրկվելը ազգի մահ կլինի։ Մեր քաղաքականությունը պետք է լինի Հայաստանը դարձնել Կալիֆորնիա, եւ դրա հնարավորությունը մենք ունենք։ Ստեփանակերտ քաղաքից ամեն կիլոմետրի վրա արդեն անասուն է արածում։ Էդ մենատնտեսի, այգիների մշակույթը պետք է փրկվի, վերագնահատվի։ Դա Հայաստանի փրկությունն է։ Մենք ստիպված ենք պայքարելու, քաղքենուն մեր մեջ խփելու, ծեծելու, դուրս վռնդելու։ Թիֆլիսեցու էն կեկելկաներին մեր կանանց միջից վռնդել է պետք։ Երբ մարդը մարդուն հայհոյում է, անասուն է ասում։ Էդ քաղաքացիների հայհոյանքն է, եւ բռի չոբան են ասում։ Վաղը դու էլ ստիպված պիտի չոբան լինես, անասունի կողքին դու ես լինելու, ոչ ոք քեզ չի կերակրի։ Եզակի անգամ ես տեսել եմ, որ իմ ազգը անկված է, իսկ թուրքինը՝ ոչ։ Որովհետեւ երրորդ կուրսի թուրք ուսանողուհին իր ջինսի քամակը դրել է տատի տգետ քամակի կողքի քարին եւ գլուխը ոչխարի դմակին դեմ տված, կթում է։ Ուսանողուհին, որ, վստահ եմ, պոեզիա գիտի, նվագել գիտի, բայց տատի հետ եկել է, սարերում ոչխար է պահում, կողքին էլ իր ութ տարեկան քուրիկն է իրեն օգնում, չոբանն էլ ոչխարի գլուխն է բռնում։ Էդ տարի նրանք խաբեցին ինձ եւ մյուսներին, եւ մեր մեծ բերաններից չորս տոննա մոթալ տարան։ Էդ մեր քաղքենուց խլեցին։ Նա իմ ճորտը չի, նա էգուց չի աշխատելու ինձ համար, ես եմ ինձ համար աշխատելու, էս մասին է խոսքը։ Քաղքենին մեր մեջ պիտի ծեծվի, կոմունիստական բեգը, աղան մեր մեջ ընկել է, թե ահա, ընկեր Ստալինն էնտեղ կա, ես՝ Խաչիկ Այդինյանս, էստեղ կամ։ Իսկ ժողովրդի կերպարն իր հերոսների պես պիտի լինի, չէ՞։ Հերոս կդառնաս դու ինքդ։ Մերս Արղությաններից վերջին բեգի մասին պատմում էր, պատկերը դեմդ կանգնում էր։ Ազնվականներ էին, եւ երբ սարից նրանք իջնում էին գյուղ, ոչխարը սարը բռնում էր։ Յափնջին ուսներին գցած, ձիու վրա, ձիու գլուխը կուզես արծաթ համարի, կուզես մի համարի։ Ահա, կնյազի մյուս եղբայրը, որ Պարսկաստանի դեսպանն էր, հետո Փարիզ էր ապրում, ահա նրա համար իր եղբայրը ավանակ չէր, թողած չէր, արհամարհված չէր։ Կարող էին տեղները փոխել։ Էստեղի կնյազը էնտեղ դեսպան լիներ, իսկ նա էստեղ կնյազ։ Էդ կերպարը պիտի մեր մեջ բարձրանա, կյանքն օգնելու է, որ ինքնիրեն բարձրանա։ Հորեղբորս տղան առաջին դասարանից մինչեւ ինստիտուտ, փառահեղ սովորեց։ Խոտի դեզի մեջ ոտքերը մինչեւ ծնկները խրած, վերեւից խոսում էր ինձ հետ։ Եթե դու էնտեղ ձայնագրեիր, թե մենք ինչ ենք խոսում, այ դա կլիներ հարցազրույց։ Ամենաբարձր ինտելեկտուալ զրույցը։ Կիրովականից Երեւան է գնացել։ Չորս տարի առաջ։ Նորից անասուն պահել, կով ծնացրել, կովի շեմի տակից անցք բաց արել, որ կովի մեզը հոսի։ Եւ քաղաքում ծանր հիվանդացած կինը հիմա կարողանում է քայլել, ստիպված է արդեն կալ անել, էն, ինչ որ պիտի անի։ Ափսոս, որ էդ արանքի կյանքը կորցրել է։
Պիտի ուրախանալ, որ գյուղում արդեն տներ են կառուցում, ժողովուրդը հողին է վերադառնում։
Սա է փրկությունը։
Հակառակը ազգի մահն է։
- Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։
Նմանապես։
«Միտք» շաբաթաթերթ, դեկտեմբեր 20, 1990թ․