image

Ի՞նչ է Պաքուի նպատակը. Փաշինեան փակագծեր բացաւ (Տեսանիւթ)

Ի՞նչ է Պաքուի նպատակը. Փաշինեան փակագծեր բացաւ (Տեսանիւթ)

Լեռնային Ղարաբաղի նախադպրոցական հաստատութիւններու շուրջ 6 հազար սաներ, հանրակրթական դպրոցներու շուրջ 19 հազար աշակերտներ, բուհերու շուրջ 6800 ուսանողներ արդէն մէկ ամիս զրկուած են 21-ր դարու ամենակենսական իրաւունքներէն մէկէն՝ կրթութեան իրաւունքէն, որովհետեւ արդէն մէկ ամիս է Լեռնային Ղարաբաղի մանկապարտէզները, դպրոցները, բուհերը փակ են եւ չեն աշխատիր: Այս մասին այսօր՝ 26 յունուարին, կառավարութեան նիստին յայտարարած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրեայ պատերազմի ժամանակ: Իսկ այն իրավիճակում, երբ հրանօթները չէին կրակում,  կրթական հաստատութիւնները փակուել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս անգամ կրթական հաստատութիւնների չաշխատելու պատճառը Ադրբեջանի «բնապահպանական» մտահոգութիւններն են: Չբաւարարուելով Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը փակում է նաեւ Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, յետոյ բացում 10 տոկոսով, յետոյ նորից փակում, յետոյ բացում 25 տոկոսով եւ այսպէս շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաեւ գազային ճնշման գործիքը, ինչը  ակնյայտօրէն դատապարտելի է:

Մանկապարտէզ չյաճախելու յաջորդ պատճառը երեխաների համար սահմանուած սննդի բացակայութիւնն է: Սա էլ իր հերթին կապւում է Լաչինի միջանցքի փակման հետ:

Լեռնային Ղարաբաղի համար կեանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանուել է նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ, եւ որի անխափան գործունէութեան գրաւոր երաշխիքներ են տուել Ադրբեջանն ու Ռուսաստանը, փակ է արդէն 46 օր: Արդէն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կեանքը խաթարուած է, հումանիտար ճգնաժամը  ծաւալւում է ամբողջ թափով»,-ըսած է Փաշինեան:

Ան աւելցուցած է, որ Լեռնային Ղարաբաղի մէջ ելեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետեւ  Ատրպէյճանը խափանած է նաեւ Լեռնային Ղարաբաղը հոսանքով ապահովող գիծերու աշխատանքը, եւ բնակչութեան հոսանք կը մատակարարուի միայն տեղի ելեկտրական հզօրութիւններու հաշուոյն, որ բաւարար չէ:

«Բնակչութեանը առաջին անհրաժեշտութեան ապրանքներ մատակարարւում են կտրոնային համակարգով: Այս ամէնով Ադրբեջանի իշխանութիւնը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայութեան կամքը: Ընդ որում, մեր ունեցած տեղեկութիւններով Բաքուի պլանը հետեւեալն է՝ Լեռնային Ղարաբաղի մէջ տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կէտի, դրանից յետոյ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգուածաբար կը լքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը եւ յետոյ մի քանի օրով բացել եւ այսպէս այնքան ժամանակ, մինչեւ վերջին հայը կը լքի  Լեռնային Ղարաբաղը: Սա, ի հարկէ, էթնիկ զտման բցայայտ քաղաքականութիւն է: Եթէ մինչ այս միջազգային հանրութիւնը թերահաւատութեամբ էր վերաբերւում  Լեռնային Ղարաբաղի հայութեանը էթնիկ զտումների ենթարկելու վերաբերեալ մեր ահազանգերին, հիմա արդէն տեսնում ենք, որ այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային  հանրութեան շրջանում աւելի է ուժեղանում:

Կարծում եմ՝ այս առումով դեր ունեցաւ նաեւ յունուարի 17-ին խաղաղապահների ուղեկցութեամբ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակաւորուած «բնապահպանական ակտիւիստների» կողմից ահաբեկելու տեսանիւթը, որը հենց իրենք՝ ադրբեջանցիներն էին տարածել, եւ որը աշխարհում լայնօրէն տարածուեց»,-յայտարարած վարչապետը: